Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ կյանքի կոչվող Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Ավարտը նախատեսվում է 2018 թվականի տարեվերջին: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ արդեն իրականացվել են ճանապարհի հողային պաստառի, երկմակարդակ հանգույցների հենապատերի և կամուրջների կառուցման, ինչպես նաև հաղորդուղիների` կենսապահովման ենթակառուցվածքների փոխարինման աշխատանքները:
«Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին մայրաքաղաքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերով էականորեն նպաստել է կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը: 2017 թվականի ապրիլից մեկնարկած Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհն այս առումով ևս իր կարևոր նշանակությունը կունենա և մաս կկազմի մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի»,-տեղեկացրին քաղաքապետարանից:
Անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի՝ 28 մետր լայնությամբ և շուրջ 5,4 կմ երկարությամբ: Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածը շահագործման հանձնելուց հետո մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանը նոր ճանապարհով կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երևանի արևմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն։ Ճանապարհահատվածն ուղիղ կապ կհաստատի Չավուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջև և կապահովի անընդհատ երթևեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման:
Անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով կկառուցվեն երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ:
Երեւանի քաղաքապետարանից տեղեկացրին նաեւ, որ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակներում 2017 թ. մեկնարկել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի շինարարությունը։ Մինչ աշխատանքների մեկնարկը տարածքում իրականացվել են լայնածավալ պեղումներ՝ ստուգելու պատմամշակութային ժառանգություն համարվող Կարմիր բլուրի տարածքի հնագիտական շերտերը։
Մանրամասն՝ armenpress.am