Բարի օր Հասարակություն 

Երևանում հնարավոր է էլեկտրոբուսեր հայտնվեն. Որքան է լինելու հասարակական տրանսպորտի ուղեվարձը

analitik.am

Այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը, խոսելով մայրաքաղաքի տրանսպորտային համակարգում պատրաստվող փոփոխությունների և այն մասին, թե ինչ ազդեցություն է ունենալու վառելիքի գինն ուղեվարձի վրա, ասաց, որ դեռ հստակ որոշված չէ, թե ինչ վառելիքով է աշխատելու Երևանի տրանսպորտային համակարգը՝ դիզելայի՞ն, թե՝ այլ:

Փոխքաղաքապետը նշեց, որ այժմ  քննարկվում են բոլոր տարբերակները, այդ թվում՝ էլեկտրոբուսերի օգտագործումը: Նիկոյանի խոսքով՝ էլեկտրոբուսերի ներդրման համար  սկզբնական փուլում մեծ միջոցներ են պահանջվում, սակայն  վստահություն կա, որ այդ դեպքում դրամաշնորհային ծավալներ կլինեն, դրան կգումարվի նաև այն, որ այդ տրանսպորտային միջոցը շահավետ է, ինչի արդյունքում ծախսված միջոցները կկոմպենսացվեն, իսկ մայրաքաղաքն էլ  կունենա լրիվ կամ մասնակի էկոլոգիապես մաքուր ու շահավետ տրանսպորտային համակարգ:

Փոխքաղաքապետը նշեց, որ հարցը հիմա քննարկման փուլում է և միայն քննարկումների ավարտից հետո հնարավոր կլինի ասել, թե ինչ ազդեցություն կունենա վառելիքի գինն ուղեվարձի վրա, եթե ընտրությունը կանգնի դիզվառելիքի վրա:

Բացի դրանից, Նիկոյանը հիշեցրեց,  կառավարության որոշումը, որի շնորհիվ  դիզվառելիքի թանկացման դեպքում հնարավոր կլինի  խուսափել ուղեվարձի թանկացումից:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչքան է կազմելու ուղեվարձի չափը, փոխքաղաքապետն ասաց, որ մարդկանց շերտերի չեն բաժանելու, ուսումնասիրվելու են աշխարհում կիրառվող  փորձերը և ընտրվելու է լավագույն տարբերակը: Մի բան է պարզ՝  տարբեր ծառայությունների համար տարբեր ուղեվարձ է սահմանվելու:

Նույն շարքից