2011 թվականի մարտ ամսին, Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալվել, իսկ այնուհետեւ Ուկրաինայի իշխանություններին է արտահանձնվել` Մերաբ (Սուսլով) Ալոյանը: Նրան մեղադրում են երկու այլ անձանց հետ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը կազմակերպելու և իրականացնելու մեջ, որը կատարելիս զոհվել են նաև ոստիկանության երկու աշխատակիցներ:
2013թ. նոյեմբերին առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման: Դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան, որն ուժի մեջ է թողել դատավճիռը: Նշված որոշումը բողոքարկվել է Ուկրաինայի վճռաբեկ դատարան: Վերջինս մի քանի գործով հրապարակային լսումները հետաձգելուց հետո՝ փետրվարի 13-ին նշանակել է գործով դատական նիստ:
Ալոյանը որպես գործարար հայտնի է հատկապես ԱՊՀ երկրներում, սակայն լրատվամիջոցները նրան հիմնականում ներկայացնում են իբրեւ Մերաբ Սուսլով: Երկքաղաքացի գործարարի ՌԴ անձնագրում նշված է կնոջ ազգանունը՝ Սուսլով:
2009 թ. Կիեւի <<4 Room>> կահույքի առևտրի կենտրոնում սպանվեց Շաբաբ Ալոյանը: Վերջինս <<4 Room>>-ի բաժնեմասի մոտ 60 տոկոսի սեփականատերն էր, իսկ մնացածը պատկանում է Մերաբ Ալոյանին: Ուկրաինայի իրավապահները հայտարարեցին, որ սպանության պատվիրատուն հենց ինքը՝ սպանվածի ազգական Մերաբ Ալոյանն է, որը հանցավոր խմբավորման ղեկավար է՝ ազդեցիկ օրենքով գող: Սակայն ավելի ուշ նույն իրավապահները չեն կարողացել որեւէ կերպ հիմնավորել մասնագիտությամբ տնտեսագետ գործարարի կապը քրեական աշխարհի հետ:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի փորձագետ, իրավաբան Արա Ղազարյանի խոսքով` Մերաբ Ալոյանի դատավարությունն ընթացել է լրջագույն խախտումներով: Մասնավորապես՝ Մերաբ Ալոյանի մեղադրանքի հիմքում ընկած են երկու անձանց՝ Դավիթ Բատիկյանի (մեղադրվում է սպանությունը կատարելու մեջ) եւ նրա կնոջ՝ Ռոզա Նայթի ցուցմունքները, որոնք ստացվել են խոշտանգումների՝ օրինակ, գլխին և երիկամներին հարվածելու, պոլիէթիլենային փաթեթով շնչահեղձ անելու, քնից, բնական պահանջները հոգալուց եւ ուտելիքից զրկելու, սպառնալիքներ հնչեցնելու և այլ արժանապատվությունը նվաստացնող ու անմարդկային բնույթի գործողություններով՝ պահանջելով նրանց ցուցմունքներ տալ այն մասին, որ սպանությունը պատվիրել է Մերաբ Ալոյանը:
Ղազարյանը նաեւ նկատում է, որ մեղադրանքի հիմքում ընկած են նաեւ երեք անձանց ցուցմունքներ, որոնց ինքնությունը, սակայն, չի բացահայտվել ոչ միայն մեղադրյալին, այլ նաեւ դատավորներին: Նրանք չեն հարցաքննվել ո՛չ նախաքննության փուլում, ո՛չ դատարանում, Մերաբ Ալոյանը երբեք նրանց չի տեսել, հարցեր չի ուղղել նրանց, մինչդեռ վերջիններիս ցուցմունքները որպես ապացույց են օգտագործվել նրա դեմ. <<Կոնվենցիայով սահմանված իրավունք է, որ նման անանուն վկաներին դատաքննության ընթացքում պետք է բացահայտել, այսինքն՝ փաստաբանը, կամ գոնե դատարանը պետք է հնարավորություն ունենա նրանց հարցաքննել՝ թեկուզ միջնորդավորված ձևով: Սակայն նույնիսկ փաստաթղթերից չի երեւում՝ նրանք գտնվո՞ւմ են վկաների պաշտպանության ծրագրի տակ, թե՞ ոչ: Ոչ մի դատավարական գործողություն այս առումով չի կատարվել: Նշանակում է՝ ոչ թե անանուն, այլ հորինված վկաներ են>>:Ընդհանուր առմամբ՝ գործով անցնող 29 վկաներից 22-ը դատարան չեն հրավիրվել, ու նրանց հարցաքննելու հնարավորություն չի տրվել:
Դատաքննության ընթացքում մոտ 6 ամիս Մերաբ Ալոյանը զրկված է եղել իր փաստաբաններին տեսնելու հնարավորությունից, հնարավորություն չի տրվել ծանոթանալ քրեական գործի նյութերին, փաստաթղթերին, իսկ թարգմանիչ տրամադրվել է միայն դատաքննության 4-րդ ամսում, ում հնարավորություն է տրվել քրեական գործի նյութերը Մերաբ Ալոյանի համար թարգմանել միայն դատարանի դահլիճում կամ ընդմիջումների ժամանակ՝ գործի քննությանը զուգահեռ: Ցավոք, իր փաստաբաններին մշտապես փոխում են, դնում են այնպիսի կաղապարի մեջ, որ ի վիճակի չլինեն աշխատել։ Նաև գիտեմ, որ բացի փաստաբաններին առաջարկվող գումարներից՝ նրանց վրա ճնշումներ են գործադրվել, իսկ դատաքննության վերջին փուլում Մերաբ Ալոյանին ու նրա փաստաբաններին հեռացրել են դատարանի դահլիճից: Նա զրկվել է իր վերջին խոսքի հնարավորությունից: Վերաքննիչ դատարանում գործի քննությունը իրականացվել է երկու նիստով, որոնք անցկացվել են առանց Մերաբ Ալոյանի փաստաբանների, արգելվել է լրագրողներին ձայնագրել կամ տեսաձայնագրել նիստերը կամ հարցեր ուղղել Մերաբ Ալոյանին:
Ուկրաինայի ԶԼՄ-ները բազմիցս անդրադարձել են այս դատական գործի աղաղակող խախտումներին: Մի շարք ուկրաինացի իրավապաշտպաններ և լրագրողներ սեփական հետաքննությունն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ սպանողը (պատվիրատուն) Մերաբ Ալոյանը չէ։ Մոտ երեք տարի գտնվելով խափանման միջոց կալանքի տակ, Մերաբ Ալոյանը բազմիցս բարձրաձայնել է կալանքի անմարդկային պայմանների ու կալանավայրում իր նկատմամբ բազմաթիվ ոտնձգությունների, ֆիզիկական հաշվեհարդարի համար բազմաթիվ հրահրումների ու սպառնալիքների մասին, իր նկատմամբ տարբեր հետապնդումները, նվաստացումները, խոշտանգումները, ինչպես նաև ընդգծված խտրական վերաբերմունքը պարբերական բնույթ են կրում։ Օրինակ, մի դեպքում Մերաբ Ալոյանին դատարանի դահլիճ են բերել պարկը գլխին հագցրած։ Մեկ այլ դեպքում կալանավայրում նրա վզից պոկել են իր կրոնի սիմվոլը և նետել զուգարանը: Որպես պատասխան իր բողոքների, կալանավայրի ղեկավարությունը երեք ամիս շարունակ պահել է նրան պատժախցում:
Դատարանի շենքում տուժողի հարազատները ոստիկանության ներկայությամբ բռնություն են գործադրել Մերաբ Ալոյանի ծնողների նկատմամբ՝ հարվածելով ու սպառնալիքներ հնչեցնելով նրանց հասցեին, սակայն իշխանությունները քրեական գործ չեն հարուցել դեպքի առթիվ՝ նույնիսկ բողոքի առկայության պայմաններում:Տուժողի հարազատները ոստիկանության ներկայությամբ բռնություն են գործադրել նաև լրագրողների նկատմամբ՝ հարվածել են նրանց, վնասել տեսախցիկը եւ այլն, ապա դատավորի պահանջով հեռացվել են դահլիճից, սակայն որեւէ քրեական գործ այս մասով նույնպես չի հարուցվել: Տուժող կողմը (սպանվածի եղբայրը՝ Ջամալ Ալոյանը) բացեիբաց հայտարարել է, որ Մերաբ Ալոյանին ձերբակալելուց հետո 10 ավտոմեքենա է նվիրել ոստիկանությանը: Եվ ոստիկանությունը դա ընդունել է, այն դեպքում, երբ նույն գործով կատարում է նախաքննություն:
Ուկրաինական <<Օբոզրեվատել>> լրատվամիջոցը կատարվածին անդրադարձել է: Լրագրող Անատոլի Շարիյին հետաքննություն է անցկացրել եւ պարզել, որ Մերաբ Ալոյանի ձերբակալության դիմաց Ներքին գործերի նախարարությունը սպանվածի հարազատներից, ավտոմեքենաներից բացի, որպես <<բոնուս>> ստացել է նաեւ 1,5 մլն ԱՄՆ դոլար:
Ուկրաինայում (սպանված) Ալոյանների ընտանիքը հայտնի է որպես <<բեսպրեդելշչիկներ>>, որոնց հովանավորում է ՆԳՆ-ի ղեկավարությունը: Այսինքն, կոպիտ ասած՝ նրանք կարող են սպանել մարդուն, և <<իրավապահ>> մարմիններն այդ սպանության մեջ հանցակազմ չեն գտնի: Ալոյանների ընտանիքի այդպիսի հանցագործությունների մասին, որոնք անպատիժ են մնացել, գրել է Անատոլի Շարիյը: Նա իր հետաքննությամբ փաստարկել է, որ Մերաբ Ալոյանը կալանքի տակ է պահվում ապօրինաբար, եւ քրեական գործում վերջինիս հանցանքը հիմնավորող որեւէ ապացույց չկա: Արդյունքում լրագրող Շարիյի նկատմամբ մահափորձ է իրականացվել, իրավապահները նրա եւ մոր բնակարաններում խուզարկություններ են անցկացրել, տասնյակ ժամերով հարցաքննություններ վարել, իսկ մահափորձի փաստով հարուցված քրեական գործը հետագայում շուռ են տվել հենց իր՝ լրագրողի դեմ:
Բացահայտ խախտվել է Մերաբ Ալոյանի արդար դատաքննության իրավունքը: Վերը շարադրվածը քրեական դատավարության իրավունքի էական խախտումներ են: Նման հանգամանքը ինքնին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի խախտում է:
Ղազարյանը օգնում է գործարարի փաստաբաններին Եվրադատարան դիմելու հարցում: Ընդ որում՝ գանգատները վերաբերելու են տարբեր դրվագների: Օրինակ՝ մինչ օրս Ուկրաինայի իշխանությունները Մերաբ Ալոյանի որդուն թույլ չեն տալիս մուտք գործել իրենց երկիր, տեսակցել հորը եւ կառավարել վերջինիս բիզնեսը: Մերժումը մեկնաբանվում է հետեւյալ կերպ. <<Եթե բացահայտենք մերժման հիմքերը, կբացահայտենք օպերատիվ-հետախուզական աշխատանքի մեթոդները>>:
Արա Ղազարյանի կարծիքով՝ Մերաբ Ալոյանի հետ կատարվողը տնտեսական հիմք ունի. ուզում են վերջինիս բիզնեսը խլել: Ուստի անհրաժեշտ է այս գործի վրա սեւեռել նաեւ միջազգային կառույցների ուշադրությունը: