ԱԺ-ում անցկացվող «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը, որը ստացել է «Ֆեյքերի մասին օրենք» անունը, անցնում է շատ բուռն։ Գյումրու «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը իր ելույթի ժամանակ հասցրեց հեգնել նախագծի հեղինակներին։ Նա ներկայացել էր՝ պաստառներով, ինչը ծիծաղի ու ծափահարությունների առիթ դարձավ։
Իսկ մինչ իր նախագծած առաջարկը նա նշեց, թե նկատել է, որ հեղինակները կամեցել են կարգավորել բամբասանքի ոլորտը։ «Բամբասանքը կա ազգային խոսքի գոյությունից ի վեր, բայց առայժմ դա կարգավորել չի եղել։ Եթե հաջողվի, դա նոբելյան մրցանակին արժանի նախագիծ կլինի։ Բամբասանքը չի կարգավորում հարգելիներս, կարող է լինել զրպարտական, կարող է լինել անշառ, կարող է լինել նարդու բամբասանք, սուրճի, բայց դա անհնարին է կարգավորել»,-ասաց նա և խոսեց հետևանքներից։
«Ենթադրենք ընդունվում է օրենքը և ինչ–որ մեկը ինչ–որ մեկին չի սիրում ու այս մեկի պրոֆիլով ֆեյք է բացում, օգտագործելով նույն ֆոտոները, կենսագրությունը, արագ հետևում է՝ ինչ կարող է լինել և ամբողջ էջում արտահայտում է նրան, ու սկսում է զրպարտչական նյութեր տեղադրել, իսկ լրատվամիջոցն ընդունում է։ Արդյունքում սկսվում է պատերազմներ և մարդուն մնում է .am դոմեյնից արտագաղթ դեպի այս դոմեյններ»,- նշեց նա և ապա անցավ իր առաջարկին։
«Չլինի որ սև ակնոցներով եմ նայում ու ոչ մի առաջարկ չունեմ, եկել եմ առաջարկով, և առաջարկում եմ քննարկել»,- ասաց նա ու պարզեց պաստառներից մեկը, որտեղ շենքեր էին գծագրել և նշեց, թե քանի որ բամբասանքները սկսում են տաղավարներից (զրուցարան, բեսետկա), իսկ շենքերը քառանկյուն են, ապա դրանք պետք է դարձնել կլոր, որ վերահսկելի լինեն։
«Քանի որ բոլորդ էլ գիտեք, որ խոսքը, խոսելը մարդկային բնազդ է և կարիք, ուրեմն պետք է անկյուններն էլ ձևավորեն, որ վտանգավոր չլինեն, առաջարկում եմ կլոր շենքերի ներքին անկյուններում խոսեն, որ վերահսկելի լինի»,- ասաց նա։
Ելույթը ավարտվեց ծիծաղով ու ծափահարություններով, որին միացան նաև ՀՀԿ-ականները, իսկ նիստը վարող Դավիթ Հարությունյանը գնահատեց գյումրեցու հումորը։
Լևոն Բարսեղյանը պաստառները վերջում դրեց Արփինե Հովհաննիսյանի առաջ։
Սկզբնաղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2014/03/31/Levon-barseghyan/