Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քննության գործով պատասխանող կողմի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը ՍԴ որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի իրավական դաշտը թերի է, և դրա պատճառը ինքը չէ:
«Մեր իրավական դաշտը, եթե նայենք, շատ թերի է, դրա պատճառը ոչ թե ես եմ, մեծամասնությունն է, կամ փոքրամասնությունը, դրա պատճառները շատ խիտ է»,-ասաց նա՝ նշելով, որ այդուհանդերձ ինքը պաշտպանել ու պաշտպանելու է կուտակային կենսաթոշակի գաղափարը:
Պատգամավորը նաև մեկնաբանեց ՍԴ-ի դիմաց հավաքված քաղաքացիների՝ իրեն ուղղված «ամոթ, ամոթ» կոչերը. «Ես բացականչությունների իմաստը չեմ հասկանում, որովհետև ես իմ ելույթում հստակ նշել եմ, որ ՍԴ-ի որոշումը կամրապնդի պետություն և հասարակություն կապը, մենք դա միշտ նշել են»:
Հակոբ Հակոբյանը նաև նշեց, թե «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հոդվածներն են հակասահմանադրական, օրենքը հակասահմանադրական չէ: «Ես դատարանում հստակ ասել եմ, որ չենք եկել ասելու՝ օրենքը սահմանադրական է, թե ոչ: Դա ՍԴ-ի խնդիրն է»,-ասաց նա: