Քաղաքական 

ՍԴ-ն գործել է Սերժ Սարգսյանի պատգամներով. Նիկոլ Փաշինյան

Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը համատեղ արդյունքն է Կառավարության, Նախագահականի ու հենց Սահմանադրական դատարանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի: «Ազատություն» ռադիոկայանի եթերում այս մասին հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 

«Որովհետև եթե հիմա հետ նայենք փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանի արած հայտարարություններին կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, կտեսնենք, որ ՍԴ որոշումն ամբողջությամբ տեղավորվում է Սերժ Սարգսյանի այսպես ասած՝ պատգամների շրջանակում»,-ասում է պատգամավորը ՝ մեկնաբանելով այն քաոսը, որն առկա է ՀՀ քաղաքացիների, իրավաբանների ու այլ շահագրգիռ անձանց շրջանակներում:

 

Ըստ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանության՝ սա նշանակում է, որ Սահմանադրական դատարանը հավատարիմ է մնացել իր կերպարին, և ողջ հայ հանրությունը փորձում է հասկանալ, թե ի՞նչ է որոշել Սահմանադրական դատարանը:

 

«Համենայն դեպս, այս պահի մեկնաբանությամբ, որ գոյություն ունի, Սահմանադրական դատարանը որոշել է, որ «պարտադիր կուտակային»-ը հակասահմանադրական է, բայց իր որոշմամբ նրան օժտել է սահմանադրականությամբ մինչև սեպտեմբերի 30-ը»,-ավելացրեց ընդդիմադիր պատգամավորը:

 

Նրա պատկերավոր մեկնաբանությամբ՝ այս որոշմամբ ՍԴ-ն Կառավարությանն ասում է՝ «Դու կատարել ես հանցագործություն, բայց ես քեզ տալիս եմ մինչև 6 ամիս ժամանակ, որ քեզ համար ալիբիներ ստեղծես»:

Նույն շարքից