Ամերիկացի զինվորները, որոնք կռվում են Քուրդիստանի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկների համազգեստով, կարող են դառնալ Սիրիայում ռազմական օպերացիա իրականացնող թուրքական բանակի թիրախը: Նման հայտարարությամբ փետրվարի 4-ին հանդես է եկել Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը: Վերջինիս խոսքերով, եթե ամերիկացի զինվորները կրեն YPG-ի զինվորական համազգեստը և հանդես գան թուրքական բանակի դեմ, թուրքական զինված ուժերն այլըտրանք չեն ունենա:
Բացի դրանից, Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, որ իրենց բանակը շարժվելու է դեպի Մանբիջ և այդպես շարունակ՝ Եփրատից դեպի արևելք: Այսկերպ Անկարան ցանկանում է բոլոր միջոցներով խանգարել քրդերին իր տարածքում սեփական պետությունը ստեղծելու գործում:
Հիշեցնենք, որ թուրքական բանակը Սիրիա ներխուժեց հունվարի 20-ին: Թուրքիայի ԶՈւ տարածած հայտարարության համաձայն, մինչ այս պահը թուրքական բանակը ոչնչացրել է ավելի քան 900 հակառակորդ: