Քաղաքական 

«Լիբերալ ժողովրդական» կուսակցության նախագահը խուսափեց լրագրողներից

Տեղի ունեցավ նորաստեղծ «Լիբերալ ժողովրդական» կուսակցության հիմնադիր համագումարը, որի սկզբում կուսակցության նախագահ Դավիթ Հարությունյանը չպատասխանեց լրագրողների հարցերին՝ ասելով, թե համագումարի ընթացքում կտրվեն բոլոր հարցերի պատասխանները:

Համագումարը տևեց շատ կարճ: Որևէ հարցուպատասխան չեղավ:

Բացի երիտասարդ կուսակցականներից, նորաստեղծ կուսակցության համագումարին ներկա էին նաև «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական թևի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Ողջունելով համագումարի մասնակիցներին` Մանուել Գասպարյանն ասաց, թե նորաստեղծ կուսակցությունը և իրենք գտնվում են գաղափարական տարբեր ճամբարներում, սակայն դա չի խանգարում, որ նորաստեղծ կուսակցության հետ ուս-ուսի տալով լուծում գտնեն երկրում առկա խնդիրներին:

Իսկ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, թե իրենց համար շատ կարևոր է Հայաստանում տեղի ունեցող հասարակական և քաղաքական յուրաքանչյուր գործընթաց և նորաստեղծ կուսակցությանը ցանկացավ, որ իր առջև դրած խնդիրները տեղափոխի լուծման դաշտ:

Կուսակցության նախագահ Դավիթ Հարությունյանն իր խոսքում ասաց, թե ի սկզբանե նախաձեռնող խմբի գաղափարախոսությունն ու նպատակն է եղել հիմնել քաղաքական միավորում, որը հստակ լուծումներ գտնի և իրական մեխանիզմներ առաջարկի՝ ստեղծված բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական և քաղաքացիական լայն շերտերում առկա օրհասական խնդիրների հաղթահարելու համար:

«Մենք հիմնում ենք մի կուսակցություն, որի կորիզը երիտասարդությունն է, մենք հասնելու ենք մեր երազած Հայաստանի կառուցմանը»,-հայտարարեց Դավիթ Հարությունյանը:

Վերջում, սակայն, նորընտիր նախագահը չպատասխանեց որևէ հարցի. «Առանց մեկնաբանության»:


Սկզբնաղբյուրը` http://www.tert.am/am/news/2014/04/22/liberal-demo/

Նույն շարքից