Այսօր՝ փետրվարի 6-ին, խորհրդարանում դատական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ Հանրապետական պատգամավոր Գևորգ Կոստանյանը, անդրադառնալով դատավորների համար որոշակի պատասխանատվություն սահմանելու հարցին, ասաց, որ կառավարումը 5 տարր ունի և վերջին տարրը պատասխանատվություն է: Նրա խոսքերով պատասխանատվությունը մյուս 4 տարրերի ապահովման երաշխիքն է, այսինքն պետական կառավարման մեջ չպետք է լինեն անպատասխանատու մարդիկ:
Կոստանյանը համոզմունք հայտնեց, որ քանի դեռ դատավորների պատասխանատվության հարցը չի բարձրացվել, մենք մեր ակնկալած որակի արդարադատություն չենք ունենա, նույնիսկ եթե առավոտից երեկո սեմինարներ դասընթացներ կազմակերպվեն:
Սակայն, որպեսզի դա մահակ չդառնա դատավորների համար, նախկին գլխավոր դատախազի խոսքերով, պետք է որոշակիացվեն պատասխանատվության ձևերը, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ինչի համար ինչ պատասխանատվություն է սպասվում:
Կոստանյանը նաև խոսեց ՄԻԵԴ-ի որոշումների մասին, որոնք եղել են Հայաստանի դեմ՝ հայտարարելով, որ ՄԻԵԴ որոշումների հիման վրա արձանագրված խախտման փաստն այսուհետ հիմք է հանդիսանալու դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: