ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում դիմելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ հարցրեց, որ եթե պաշտոնյաները պնդում են, որ բիզնեսով չեն զբաղվում, որտեղի՞ց է իրենց իսկ հայտարարագրած ունեցվածքը։ Ըստ նրա, կոնկրետ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման ընթացքում հայտարարագրել է 5.5 մլն դոլար, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հայտարարագրել է 6.5 մլն դոլար, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարագրել է վեց բնակարան: «Հայտնի է, որ կառավարության անդամներն իրավունք չունեն բիզնեսով զբաղվել, եթե բիզնեսով չեք զբաղվել, որտեղի՞ց եք հայտարարագրել այդ գումարը։ Եթե բիզնեսով զբաղվելու ժամանակ նաև պաշտոնավարել եք, դա օրենքի խախտում է:
Դուք բոլորդ այս ողջ ընթացքում եղել եք պետական պաշտոնյաներ, հիմա եթե բիզնեսով չեք զբաղվել, ո՞նց եք աշխատել այդ գումարները: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հարցը, - հարցրեց Փաշինյանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, թե կոչ է անում անում, որ բոլոր գործընկերները և ընդհանրապես հանրությունն այդքան նեգատիվ չվերաբերեն գործարարությանը: «Գործարարների շնորհիվ է, որ դուք այդտեղ նստած եք, աշխատավարձ եք ստանում, գործարարների և նրանց հարկերի շնորհիվ է, որ մենք թոշակ և աշխատավարձ ենք բարձրացնում: Ընդհանրապես բնավորություն է մարդկանց մոտ ձևավորվել, որ գործարարներին փորձում են դարձնել «բոբոներ», գործարարների շնորհիվ եք դուք ապրում»,-ասաց նա։ Ինչ վերաբերում է իր ունեցվածքին, ապա վարչապետը նշեց, որ ինքը երբեք չի թաքցրել, որ ունեցել է և հայտարարագրում ներկայացրածն աշխատել է այն տարիներին, երբ հողագործությամբ է զբաղվել։ «Պաշտոններ զբաղեցնելու ժամանակ դա չեմ շահագործել և ոչ էլ կոռուպցիայի միջոցով եմ այդ գումարները դիզել, դա աշխատանքի արդյունքում է եղել,-ասաց Աբրահամյանը:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ասում եք՝ հող եք մշակել, ձևն ասեք, ամբողջ Հայաստանի գյուղացիությունը հող է մշակում՝ տոկոսի տակ է ընկնում, դուք հող եք մշակում՝ միլիոնավոր դոլարնե՞ր եք վաստակում»։ Վարչապետը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց չլարվել։ «Գործարարների մասով դուք պատկերացում էլ չունեք՝ ինչ է նշանակում գործարարությունը, չեք էլ կարող զբաղվել գործարարությամբ», - ասաց Աբրահամյանը: