Քաղաքական 

Վարչական դատարանում լրագրողը պետք է լուսաբանելու իրավունք ունենա առանց կողմերից մեկի միջնորդության. Արփինե Հովհաննիսյան

Ազգային ժողովը սկսել է քննարկել Վարչական դատավարության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, խոսելով նախագծի մասին, նախ ներկայացրեց գոյություն ունեցող կարգը: Խոսքը մասնավորապես վերաբերում է դրան, որ այսօր վարչական դատարանի նիստերի տեսանկարահանման, լուսանկարահանման կամ հեռարձակման համար լրագրողները պետք է ունենան կողմերից մեկի միջնորդությունը և դատարանի թույլատվությունը:

Առաջարկվում է որոշակի փոփոխություն անել կողմերից մեկի միջնորդության դրույթի մասով: Բանն այն է, որ լրագրողը, ով նիստը լուսաբանելու համար ստանում է դատավարության մասնակիցներից մեկի միջնորդությունը, կամա թե ակամ հայտնվում է որևէ կողմում, ուստի կասկածի տակ է դրվում լրագրողի անաչառությունը:

Հովհանիսյանը խոստովանեց, որ այս փոփոխությունը նախաձեռնել է լրագրողական համայնքից եկած ազդակի արդյունքում:

Ինչ վերաբերում է առաջարկվող փոփոխությանը ապա, ԱԺ փոխնախագահն ասաց, որ իրենք առաջարկում են դատական նիստի լուսաբանումը թույլատրել դատավարության կողմերի համաձայնության և դատարանի թույլտվության  պայմաններում:

Այլ կերպ ասած, առաջարկվում է վարվել այնպես, ինչպես քաղաքացիական դատավարության օրենսգրքում:

Բայց, քանի որ վարչական դատավարության դեպքում գործ ունենք պետական մարմնի հետ, ապա ի տարբերություն քաղաքացիական դատավարության դեպքում գոյություն ունեցող սկզբունքին, երբ կողմերը կարող են ուղղակի դեմ լինել լուսաբանմանը, այս դեպքում պետական մարմինը պետք է որոշակի լրացուցիչ սահմանափակումներ ունենա: Այսինքն, եթե տվյալ պետական մարմինը չի ցանկանում, որ նիստը լուսաբանվի, պետք է հիմնավորի այն:

 

 

Նույն շարքից