Այս պահին, կարծեք թե խոսվում է այն մասին, որ օրենքով միավորումները ստեղծվելու են կամավոր սկզբունքով, սակայն հաշվի առնելով կուտակային կենսաթոշակի օրինակը, կարելի է ենթադրել, որ այն լինելու է պարտադիր: Այսօր՝ փետրվարի 7-ին, «Միջհամայնքային միավորումների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Թանդիլյանը խոսքով, այսօր մենք համայնքներում հիմնականում ունենք ղեկավարներ, ովքեր Հանրապետական են, կամ հարում են ՀՀԿ-ին: Նույնը նաև ավագանինեներում է: Հետևաբար ստացվում է, որ ստեղծվելիք միավորումներում ունենալու ենք Հանրապետական ղեկավար և մեկ ավագանի, ով ընտրվելու է մեծամասնություն կազմող Հանրապետականների միջից: Արդյունքում լինելու են միջհամայնքային կառույցներ, որտեղ լինելու են Հանրապետականներ. «Այսկերպ մենք համայնքներում լռեցնելու ենք ընդդիմության ձայնը: Որևե այլ կարծիք չի հնչելու: Մենք գնում ենք համայնքներում հանրապետականացման: Սրան լուծում կա. Եթե համայնքի ղեկավարը իշխող ուժից է, ավագանին պետք է լինի ընդդիմությունից, կամ՝ հակառակը»:
Պատգմավորը խոսեց նաև կանանց ներգրավվածության մասին՝ նշելով, որ այն պետք է ապահովված լինի: Թանդիլյանի խոսքերով, խոշորացված համայնքներում մենք ունենք կանանց ներգրավվածության ցածր մակարդակ, գործ ունենք, այսպես կոչված, տղամարդականց ակումբների հետ, իսկ խոշորացման արդյունքում կանանց թիվը կտրուկ նվազել է: Թանդիլյանի կարծիքով, այս խնդիրը լուծելու համար պետք է մի կետ ներառել փոփոխությունների մեջ, որով համայնքի տղամարդ ղեկավարին փոխարինողը պետք է լինի կին, եթե այսպիսին կա տվյալ ավագանիում. «Մենք չենք կարող ամբողջ հանրապետությունում որոշումներ կայացնել միայն տղամարդկանց միջոցով: Կանայք պետք է ներգրավվածություն ունենան որոշումներ կայացնելու գործում»: