Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, խոսելով կառավարության նախաձեռնած փոփոխությունների մասին, որով գործադիրի նիստերը դռնփակ են լինելու, քանի որ նախարարները կաշկանդված են, նշեց, որ իր մոտ կաշկանդվածություն չկա:
Միևնույն ժամանակ նախարարը իր մտահոգությունը հայտնեց՝ կապված լրագրողների կողմից նիստերը լուսաբանելու հետ՝ նշելով, որ շատ քիչ դեպքերում է ներկայացվում բուն հարցը, իսկ հիմնականում խոսվում է ձևի կամ նախարարի ու վարչապետի պահվածքի ու արտահայտության մեկնաբանություն է, և դա վնասում է հանրությանը:
Մինասյանի խոսքերով, նախարար չի կարող փակ լինել նույնիսկ դռնփակ նիստերի ժամանակ, և որևէ նախարար չի կարող կառավարության գործունեությանը հակադրվող հրապարակային խոսք ասել. «Դրա լուծումը շատ պարզ է, եթե դու հակադրվում ես, պետք է թողնես կառավարությունը»:
Դիտարկմանը, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նախարարների անունից հայտարարում է, թե կաշկանդվածություն կա, Մինասյանը ասաց, որ ուշադիր լսել է, վերջինիս հայտարարությունը, այն չի վերաբերվում նախարարների կողմից միասնական հայտարարությանը:
Նշենք, որ փետրվարի 6-ին Կենտրոն Հ/Ը եթերում ԱԺ փոխխոսնակ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ևս հայտարարել էր, որ նախարար եղած ժամանակ կաշկանդվածություն չի եղել իր մոտ: