Հասարակություն 

Հետաքրքիր գյուտեր. Ինչո՞ւ էին նախորդ դարերում գյուտերն ավելի շատ

Կես կամ մի դար առաջ մենք ունեինք խոշորագույն հայտնագործություններ՝ այդ թվում տաղանդավոր մարդկանց մեծ ցուցակ, ովքեր  սեփական հայտնագործություններով որևէ կերպ փոխեցին աշխարհը։ Երբեմն հետազոտությունների համար տարիներ, նույնիսկ տասնամյակներ են պահանջվում, սակայն կան օրինակներ, երբ դրանք արվել են պատահականորեն և առանց մեծ ջանքերի: Անդրադառնանք այս թեմային՝ բերելով մի քանի գյուտերի օրինակներ՝ այդ թվում քիչ հայտնի գյուտարարների հայտնագործությունները։

1770 թվականին Ուիլլիամ Ադդիսը հայտնվում է բրիտանական բանտում՝ խռովություն կազմակերպելու համար: Այդ ժամանակ ընդունված էր ատամները մաքրել աղով և ածխի փոշով: Ադդիսը ոսկորի մի փոքրիկ կտորի մեջ անցքեր է բացում, հետո դրանց միջով մի փունջ մազմզուկներ է անցկացնում և սոսնձում: Ազատ արձակվելուց հետո նա ստեղծում է ատամի խոզանակի արտադրության իր ֆիրման, որն այնուհետև 1808-ին` Ադդիսի մահից հետո, ժառանգում է նրա որդին:

1880 թվականին Ուիլլիամ Ապջոնը հորինում է դեղահաբ, որը հեշտությամբ լուծվում էր ստամոքսում: Չորս տարի անց նա ստեղծում է մի մեքենա, որը կարողանում է արտադրել մեծ քանակությամբ հաբեր, իսկ 1886 թվականին հիմնադրում է Upjohn Pill and Granule Company-ին՝ հաբերի մեծածավալ արտադրության և վաճառքի համար:

Գարրետ Մորգանն էլ հորինել է ճանապարհային երթևեկության վերահսկողության համակարգը։ Այն կառավարվել է ձեռքով, ունեցել է «անցնել», «գնալ» և «ստոպ» ազդանշանները: Արտոնագրի հայտը Մորգանը ներկայացրել է 1922 թվականին, իսկ ավելի ուշ վաճառել է իր հեղինակային իրավունքը 40,000 ԱՄՆ դոլարով General Electric ընկերությանը, որն այն մշակել և դարձրել է էլեկտրական լուսակիր:

Հաջորդ հետաքրքիր գյուտը կապված է անզգայացման հետ: Երկար ժամանակ ալկոհոլը բժիշկների կողմից համարվել է առավել հայտնի անզգայացման ձև: Սակայն 19-րդ դարի սկզբին նրանք հայտնաբերեցին, որ եթերի և ազոտի օքսիդը ժամանակավորապես թեթևացնում է ցավը՝ այսպիսով, վերջ դնելով անտանելի ցավերին դիմանալու հակմանը և վիրահատական միջամտության և հասարակ պրոցեդուրաների ժամանակ։

Բոլորիս կողմից շատ սիրված հրավառությունն էլ հորինվել է Չինաստանում՝ շուրջ 2000 տարի առաջ: Ըստ լեգենդի` պատահաբար խառնել են փայտածուխը, ծծումբը և սելիտրան մի բամբուկե խողովակի մեջ, որն էլ վերածվել է հրավառության ։ Թեև հրավառության գյուտը ծավալուն պատմություն չունի,բայց արդյունքը շատ գեղեցիկ է։

Այս ամբողջ հայտնագործությունները մի քանի տաղանդավոր մարդիկ են կատարել, ովքեր անցյալում հայտնագործել են իրեր ու երևույթներ, որոնք անփոխարինելի հետք են թողել աշխարհում։ Մենք շարունակում ենք  օգտվել  20-րդ դարի ներքին այրման շարժիչներից, թռնում տիեզերք մի քանի սերունդ առաջ հորինված ու ստեղծված հրթիռներով։ Ակամայից հարց է առաջանում, ինչու՞ հիմա, ասել է թե զարգացած 21- րդ դարում, դադարել ենք հայտնագործել իրեր ու երևույթներ, որոնք շատ հնարավոր է զգալիորեն թեթևացնեն ներկայիս ապրելակերպը, գուցե ամեն ինչ արդեն հորինված է , կասեք դուք, սակայն սա հարցին լիովին չի պատասխանում։ Գուցե ավելի հավանական է, որ մա՞րդն է իր տեսակով փոխվել՝ հարմարավետության պայմանների ավելացումը բերել է մարդկային ուղեղի հետընթացի… Հուսանք, որ 21-րդ դարը մեզ դեռ կզարմացնի մարդկության համար կարևոր գյուտերով:

Հեղինակ՝ Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից