Այսօր՝ փետրվարի 8-ին, խորհրդարանը ձայների 61 կողմ, 38 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը:
Քվեարկությունից առաջ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ այս նախագծով ոչ միայն սահմանափակվում է փոքր բնակավայրերի մասնակցությունը համայնքային կյանքին, այլ նաև լռեցվում են կանանց և ընդդիմախոս ձայները, և իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու:
Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն իր հերթին հայտարարեց, որ իրենց խմբակցությունը ևս դեմ է քվեարկելու:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը նշել է, որ նախագիծը բխում է Սահմանադրության եւ ՏԻՄ-երի մասին օրենքի պահանջներից: Կարևորելով շահագրգիռ քննարկումները՝ նա ընդգծել է, որ դրանք շարունակական կլինեն՝ նպաստելով միջհամայնքային միավորումների արդյունավետ ստեղծմանը: