Քաղաքական Հասարակություն 

Սաակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսի չեղյալ համարվելը ճնշումների հետևանք է. Մ.Նահապետյան

Երեկ՝ փետրվարի 7-ին , Երևանի «Յանկի» փաբում տեղի ունեցավ Մ․Սաակաշվիլու «Ուժերի զարթոնք» ինքնակենսագրական գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը թարգմանել է Միքայել Նահապետյանը,  խմբագրել՝ Թագուհի Ղազարյանը։ Գիրքն այս պահին թարգմանված է չորս լեզուներով, որոնցից մեկը հայերենն է։ Այն պատմում է Վրաստանի նախկին նախագահի քաղաքական փորձառության մասին, ներկայացնում ներքին և միջազգային քաղաքականության մանրամասներ, ընդգրկում Վրաստանի համար բեկումնային հանդիսացած հեղափոխության գործընթացների մասին հետաքրքիր մանրամասներ։

Ի սկզբանե գրքի հայաստանյան շնորհանդեսը նախատեսված էր անցկացնել Եղիշե Չարենցի տուն-թանգարանում,  սակայն շնորհանդեսի անոնսն անելուց մեկ օր անց գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը տեղեկացնում է. «Կողմերի (մի կողմից թանգարանի տնօրինության և մյուս կողմից՝ մեր) կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված հնարավոր չէ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում իրականացնել նախապես ծրագրված շնորհանդեսը»։

«Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանված տարբերակի շնորհանդեսը «Նոյյան տապան» գրախանութում ևս չկայացավ, ինչի մասին նորից տեղեկացրեց  Միքայել Նահապետյանը:  Ֆեյսբուքում ծավալված զրույցների համաձայն՝ միջոցառումը չեղարկվել է ՀՀ մշակույթի նախարարության հրահանգով, քանի որ Սաակաշվիլին այս պահին «ոչ այնքան ցանկալի» քաղաքական գործիչ է։ Հունվարի 29-ին Սաակաշվիլին ևս իր ֆեյսբուքյան էջում գրքի շնորհանդեսի չեղարկումը պատճառաբանեց  Ռուսաստանի ազդեցությամբ՝  հավելելով. «Վրաստանում Ռուսաստանի գործակալներն ասեկոսներ էին տարածում, որ ես էթնիկ հայ եմ, իսկ Հայաստանում պատմում էին, որ ես «հակահայ» եմ»։

Analitik.am-ի հետ զրույցում  գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը պատմեց, թե ինչո՞ւ է որոշել թարգմանել հենց այս գիրքը և ո՞րն է եղել մոտիվացիան:  Միքայելը շնորհանդեսի չեղյալ համարվելու հետ կապված  հայտնեց, որ դա ինչ-որ ճնշումների հետևանք է, գուցե  ինչ-որ անձերի անձնական ամբիցիաների հետ կապված. «Մոտիվացիայի հետ կապված, թե ինչու եմ որոշել թարգմանել հենց այս գիրքը՝ տարբեր մեղադրանքներ կան, որ Սաակաշվիլին հակահայ է, որ սա նույնիսկ դավաճանություն է, որ Հայաստանում նրա գրքերը թարգմանվում են։ Այս բոլոր մեղադրանքներին կարծում եմ՝ իմ մոտիվացիան պիտի կարողանա պատասխանել։ Ես սա չեմ թարգմանել Սաակաշվիլու համար, ես սա չեմ թարգմանել, որովհետև Սաակաշվիլու անձի նկատմամբ մեծ անձնական զգացմունքներ ունեմ, սա թարգմանել եմ, որովհետև ես այստեղ տեսել եմ մի տեքստ,որ պիտանի է մտածելու և քննադատելու համար։ Ես այստեղ տեսել եմ պետության կառուցման մի պատմություն, որ ներկայացված է Սաակաշվիլու տեսանկյունից , ու ես կարծում եմ, որ դա քննարկելու անհրաժեշտություն կա»։

Միքայել Նահապետյանը նաև ասաց, որ իրեն շատ երջանիկ կզգա, եթե գրքի բովանդակության շուրջ քննարկումներ լինեն , այլ ոչ թե Սաակաշվիլու անձի:

Նշենք, որ գրքի շնորհանդեսին ներկա էին  հասարակական - քաղաքական գործիչներ, ակտիվ քաղաքացիներ: Հիշեցնենք, որ գիրքը կարժենա 6000 ՀՀ դրամ, իսկ ցանկացողները կարող են գնել այն Choose your book​ լայն գրախանութից։

Հեղինակ՝ Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից