Այսօր՝ փետրվարի 9-ին, խորհրդարանը ձայների 59 կողմ, 25 դեմ, 10 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» և դրան կից օրենքների նախագծերի փաթեթը:
Նշենք, որ կարգավորումներով դատավորնեին իրավունք է վերապահվում սեփական հայեցողութամբ 100 հազար դրամ տուգանք սահմանել փաստաբանի համար: Տուգանքի մասին որոշումը չի վերանայվելու:
Քվեարկությունից առաջ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը կոչ արեց փաստաբաններին օրենքի ընդունումից անմիջապես հետո դիմել միջազգային ատյաններին, քանի որ իմաստ չկա հարցը բարձրացնել Հայաստանում: Նա նաև հայտարարեց, որ ինքը պատրաստ է օգնել փաստաբաններին այդ հարցում:
Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն իր հերթին հայտարարեց, որ սա լրացուիցչ մտրակ է լինելու փաստաբանների համար և որ փաստաբանները մեղավոր չեն մեր դատական համակարգի նման վիճակի համար: Ամեն դեպքում նա նշեց, որ Ծառուկյան դաշինքը ազատ կքվեարկի:
ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն էլ նշեց, որ այս օրենքով Հայաստանը միջազգային ատյաններում որևե խնդիր չի ունենալու և չկա վտանգ, որ ՄԻԵԴ-ում Հայաստանն ավելի շատ գործեր կպարտվի: