Այս օրենքն ընդունելով՝ մենք գնում ենք սուպերվարչապետության համակարգի, ինչն անթույլատրելի է: Այսօր՝ փետրվարի 9-ին, խորհրդարանում «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի քվեարկությունից առաջ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
ԵԼՔ-ի պատգամավոր Արամ Սարգսյանն իր հերթին նշեց, որ ՀՀ նախագահը, ԱԺ նախագաը Հայաստանի Հանրապետության դեմքերից են և պետք է լինեն Անվտանգության խորհրդում: Սարգսյանի խոսքերով, օրենք բերողները երբեք չեն մասնակցել ԱԽ նիստի և չեն պատկերացնում, թե ինչի համար է այդ մարմինը:
Ծառուկյան դաշինքից ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց կողմ են քվեարկելու՝ չնայած այն բանին, որ կազմի հետ կապված հարցեր կան:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր հերթին հայտարարեց, որ ԱԺ-բ վերահսկողական կարգավիճակ ունի կառավարության գործունեության վրա: Նա կոչ արեց ԱԺ-ի կարգավիճակը չիջեցնել: Բաբլոյանի խոսքերով ԱԺ կարգավիճակը սահմանված է Սահմանադրությամբ: Բաբլոյանը նաև հայտարարեց, որ ԱԺ նախագահի կարգավիճակն իջեցնելով, իջեցվում է նաև ԱԺ-ի կարգավիճակը:
Օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների 87 կողմ և 7 դեմ հարաբերակցությաբ:
Նախագծով Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվելու են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամների ձայներով, իսկ խորհրդատվական բնույթի որոշումները՝ նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Նշվել է, որ նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովում ներկայացված առաջարկներն ընդունվել են: