Քաղաքական Հասարակություն 

Կառավարությունը որոշել է օտարել նախագահական նստավայրի շենքը

ՀՀ կառավարությունը որոշել է օտարել սեփականու­թյան իրավունքով իրեն պատկանող կառավարության ըն­դունելությունների տունը՝ քաղաք Երևան, Մաշտոցի պող. թիվ 47 հասցեում գտնվող` 6803644.7 հազար դրամ գնահատված արժեքով անշարժ գույքը՝ 5727,2 քառ.մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1,379152 հա հողամասը, մասնակի հատուցմամբ (իրական արժեքից ցածր արժեքով)՝ 66803.4 հազար դրամ արժեքով:
 
Նշված անշարժ գույքը ձեռք բերելու նպատակով ՀՀ 2018-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից որոշվել է 2018 –ին հատկացնել 66803.4 հազար դրամ:
 
Նշենք, որ նախատեսվում է 2018թ. ապրիլի 9-ից հետո նախագահական նստավայրը տեղափոխել նշված տարածք, ուստի, ըստ որոշման, «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի անշարժ գույքն արդյունավետ տնօրինելու նպատակով կառավարությունն առաջարկվում է թույլատրել ընկերությանը՝ սեփականու­թյան իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը մասնակի հատուցմամբ օտարել Հայաստանի Հանրապետությանը, որից հետո սահմանված կարգով ընկերությունը լուծարել:
 
Որոշվել է նաև հանձնարարել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին՝
 
1) Որոշման մեջ նշված գումարը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել օտարման պայմանագրի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը,
 
2) Համապատասխան աշխատանքների ավարտից հետո 30-օրյա ժամկետում ապահովել ք.Երևան, Մաշտոցի պող. թիվ 47 հասցեի անշարժ գույքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքի պետական գրանցումը:
 
3) «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերու­թյան լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով ՀՀ ֆինանսների նախարարության, արդարադատության նախարարության , ՀՀ ԿԱ պետական գույքի կառավար­ման վարչության, ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացուցիչներին,
 
4) լուծարման հանձնա­ժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերու­թյունում գույքագրման աշխատանքների իրականացումը և համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
 
Կառավարության որոշման մեջ նաև սահմանվել է, որ պայմանագրի նոտարական վավերացման ծախսերն ենթակա են իրականացման «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին, իսկ պայմանագրի կնքումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն ենթակա են իրականացման ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության միջոցների հաշվին:
 

Նույն շարքից