Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Սեուլում ընդունել է հյուսիսկորեական բարձրաստիճան պատվիրակությանը, որի կազմում եղել է նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի քույրը, հայտնում է Ռենհապ գործակալությունը:
Ընդունելությունը տեղի է ունեցել Կապույտ տուն անունով հայտնի նախագահական նստավայրում: Նշվում է նաև, որ Հարավային Կորեայի նախագահը մի քանի բառ է փոխանակել Հյուսիսային Կորեայի ղեկավարի քրոջ հետ:
Գործակալությունը գրում է, որ Կիմ Յո Չժոն հյուսիսկորեական ղեկավարի ընտանիքի առաջին անդամն է, որ կորեական պատերազմից հետո այցելում է Սեուլ: Վերջին անգամ Հյուսիսային Կորեայից բարձրաստիճան պատվիրակություն Հարավային Կորեա մեկնել էր հարավկորեական պետության նախագահ Կիմ Դե Չժունի հուղարկավորությանը: