Սիրիական ՀՕՊ-ը հակարհարված է հասցրել երկրի տարածքում օդային հարվածներ հասցրած իսրայելական կործանիչներին: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:
Նշվում է, որ Իսրայելի օդուժն ագրեսիա է դրսևորել՝ հարվածներ հասցնելով Սիրիայի կենտրոնական շրջաններում գտնվող օբյեկտների: Սիրիական ՀՕՊ-ը պատասխան կրակ է բացել, ինչի արդյունքում մի քանի կործանիչ է ոչնչացվել:
Իսրայելական բանակը հաստատել է առնվազն մեկ F-16 կործանիչի ոչնչացման փաստը՝ նշելով, որ երկրորդ կամ երրորդ ոչնչացված օդանավ չկա: Ընդ որում, ոչնչացված կործանիչի օդաչուները ողջ են մնացել: Այսպիսով իսրայելական կողմը հաստատել է, որ հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում:
Ինչ վերաբերում է դրան, թե ինչու է Իսրայելը նման քայլի գնացել, ապա նշվում է, թե Սիրիայի տարածքից օդ բարձրացած իրանական անօդաչուները ներխուժել են իսրայելական տարածք: Դրա համար էլ Թել Ավիվը որոշել է ոչնչացնել օբյեկտները, որտեղից օդ են բարձրացրել այդ անօդաչուները:
Իրանական կողմը չի հաստատել իր անօդաչուների մասին իսրայելական կողմի հայտարարությունը: