Բարի օր Քաղաքականություն 

Ալիևը հայտարարում է Երևանը գրավելու մասին, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կրկին առանց անունների հայտարարություն են տարածել

analitik.am

Նախորդ շաբաթ տարածաշրջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով:

Տարածված հաղորդագրության մեջ վերջիններս մասնավորապես կարևորում են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը՝ խորը մտահոգություն հայտնելով շփման գծում գրանցված կորուստների մասով:

Համանախագահները հակամարտության կողմերին կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և հրադադարի ռեժիմը պահպանելու համար, ինչպես նաև զերծ մնալ սադրիչ հայտարարություններից:

Համանախագահները նաև ողջունել են բանակցությունները շարունակելու մասով կողմերի պատրաստակամությունը՝ նշելով, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պատրաստակամ է օգնել հակամարտությունը Հելսինկյան արձանագրության հիմնարար սկզբունքների հիման վրա կարգավորելու հարցում: Խոսքը վերաբերում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշան սկզբունքներին:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անցած շաբաթ հանդիպեցին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ:

Հիշեցնենք նաև, որ հենց այդ օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում Արցախում զոհ ունեցանք: Բացի դրանից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեց, որ Բաքվի քաղաքական և ռազմավարական նպատակը Երևանը գրավելն է:

 

Նույն շարքից