Մենք այս հարցը երբեք մեր օրակարգից չենք հանել, իսկ տարաձայնությունները եղել են դեռ մինչև կոալիցիայի ձևավորումը: Այսօր ԱԺ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ռեյտինգային ընտրակարգի և այս հարցում կոալիցիոն գործընկեր Հանրապետականի հետ ունեցած տարաձայնությունների մասին:
ՀՅԴ-ական պատգամավորին դուր չի գալիս այն, որ ընտրությունների ժամանակ շատ ձայն հավաքած թեկնածուի փոխարեն հաշվարկների արդյունքում խորհրդարանում կարող է հայտնվել ավելի քիչ ձայն ստացած թեկնածուն. «Անհնար ե չտեսնել այս թերությունը»:
Ռուստամյանը պնդում է, որ այդ հարցը երկար շրջանցել չի լինի, իսկ ՀՀԿ-ի հետ քննարկումների առարկանն պետք է լինի այն, թե ինչպես լուծել խնդիրը. «Այս հարցը պետք է լուծում ստանա»:
Ինչ վերաբերում է Հանրապետականների այն հայտարարութանը, թե գործող կարգը վերանայելու կարիք չկա, դաշնակցական պատգամավորը նախընտրեց լռել՝ նշելով, որ այս փուլում ձեռնպահ է մնում վերլուծություններ անելուց. «Բանակցությունների փուլում սեպարատ հայտարարություններ են լինում, բայց այս փուլում ձեռնպահ եմ, թե ինչու է ՀՀԿ-ը պաշտպանում ռեյտինգային ընտրակարգը: Բայց ռեյտինգային ընտրակարգը նախապայման չի եղել «ՀՀԿ-ՀՅԴ» համագործակցության հուշագրի համար: Ժամանակի ընթացքում մենք ավելի բացահայտ կխոսենք պատճառների մասին»:
Նշենք, որ գործող համամասնական համակարգը դուր չի գալիս ոչ միայն ՀՅԴ-ին, այլ նաև Ծառուկյան դաշինքին, որն արդեն մի քանի անգամ հայտարարել է այդ մասին: Սակայն ՀՀԿ-ն, ինչպես երևում է, չի պատրաստվում զիջումների գնալ: