Քաղաքական 

Ինչու ԵԼՔ-ը հանդիպեց Արմեն Սարգսյանի հետ և ինչու գրկախառնվեցին Արամ Սարգսյանն ու Արմեն Սարգսյանը

Այսօր՝ փետրվարի 12-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, խոսելով ՀՀ նախագահի հնարավոր թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին և պատասխանելով հարցին, թե ինչու իրենք չբոյկոտեցին այն, նշեց, որ բոյկոտն ընդունելի գործիք է, իսկ այս դեպքում պետք է հասկանալ, թե ԵԼՔ-ն ինչ կստանար բոյկոտի արդյունքում, ինչը չստացավ հանդիպման ժամանակ:

Փաշինյանի խոսքերով, տվյալ դեպքում իրենք կարևոր են համարել իրենց ասելիքն արտահայտել հենց այսօր և քաղաքական իրավիճակի մասին իրենց տեսակետն Արմեն Սարգսյանին հայտնել հիմա. «Ընդհանրապես դժվար թե գտնեք ՀՀ քաղաքացի, ով ցանկացել է հանդիպել մեզ հետ, բայց չի կարողացել դա անել: Արմեն Սարգսյանն ասաց, որ այս պահին ինքը քաղաքացի է: Ամեն դեպքում նա նշեց, որ ինքը դեռ նախագահի թեկնածու չէ և դեռ պետք է քննարկի և որոշի»:

Ընդդիմադիր պատգամավորը խոսեց նաև ԵԼՔ-Արմեն Սարգսյան հանդիպման ժամանակ վերջինիս և ԵԼՔ-ի անդամ ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի գրկախառնության մասին՝ նշելով, որ գրկախառնվել է, որովհետեւ 20 տարվա ծանոթություն ունեն, իսկ անձնական հարաբերությունները կապ չունեն քաղաքականության հետ:

Ինչ վերաբերում է փետրվարի 16-ին կայանալիք արտահերթ նիստին, որը հրավիվել է ԵԼՔ-ի նախաձեռնությամբ և որի ժամանակ քննարկվելու է հարկային օրենսգիրքը, ապա Փաշինյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքով պատգամավորները պարտավոր են ներկայանալ այդ նիստին:

Ավելի ուշ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հերթին հայտարարեց, որ Հանրապետականը մասնակցելու է արտահերթին:

 

Նույն շարքից