ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայությունը նախազգուշացում է ուղարկել «Գազպրոմ»-ին: Մոնոթորինգի համաձայն, «Գազպրոմ»-ն այս տարի հունվարին ՌԴ ներքին շուկայում կրճատել է բենզինի իրացումը և զգալիորեն բարձրացրել արտահանման ծավալները՝ 2017-ի համեմատ:
«Գազպրոմ» խմբի մի քանի ընկերություններում հայտնաբերվել են հակամենաշնորհային օրենսդրության խախտումներ:
ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայությունից Դմիտրի Մախոնինը հայտնել է, որ խնդիրը «Գազպրոմ»-ի ընկերությունների միջև կատարվող առևտրաշրջանառության մեջ է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Գազպրոմ»-ը հունվարի սկզբից մինչև հիմա կրճատել է բենզինի վաճառքի ծավալները ՌԴ ներքին շուկայում և խախտվել են վաճառքի հավասարակշռվածության և պարբերականության պահանջները: Մյուս խախտումը վերաբերում է բենզինի արտահանմանը: Ըստ Մախոնինի, ստացվում է, որ «Գազպրոմ»-ն օգտվում է իրավիճակից՝ բարձր գնով արտահանում է բենզին և ավելի էժան գնով այն ձեռք բերում ներքին շուկայից: Սա բնութագրվում է՝ որպես շուկայում դիսկրիմինացիոն պահվածք:
ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության պետի տեղակալ Անատոլի Գալամոլզինն էլ ասել է, որ նման գործողությունները կարող են խախտել նավթամթերքի շուկայում առաջարկի և պահանջարկի հավասարակշռվածությունը, ինչից էլ կախված է բենզինի գինը: Ըստ նրա, ակնկալվում է, որ «Գազպրոմ»-ին պատկանող ընկերությունները կկարգավորեն իրավիճակը, այլապես դրանց նկատմամբ կարող են գործեր հարուցվել՝ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար և պատժամիջոցներ կիրառվել: