Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Կարապետյանի հերթական սայթաքումը. Այս անգամ ՀՀ-ում Իրանի դեսպանն է «բռնացրել»

analitik.am

Հայտնի է, որ վարչապետության ժամանակահատվածում Կարեն Կարապետյանի միակ պաշտոնական այցն ԱՊՀ երկրներից դուրս եղել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ 2017 թվականի հոկտեմբերի 9-ին: Այցը, ինչպես վարչապետի մինչև հունվարի 15-ը կատարած յուրաքանչյուր քայլ և բառ, լայնորեն լուսաբանվեց բոլոր մեդիա հարթակներում: Խոսվում էր բազմաթիվ ոլորտներում հնարավոր ծրագրերի իրագործման մասին, մի ելույթին հետևում էր մյուսը և այսպես շարունակ: Սակայն, այս PR-ի բլիցկրիգն ունեցավ նույն ճակատագիրը, որն ունեցան վարչապետի մնացած ամպագոռգոռ նախաձեռնությունները:

Այցից ամիսներ անց՝ ԱԺ-ում ընդդիմադիրների հարցերին պատասխանելիս , Կարապետյանը նշեց, որ «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման կասեցումը հայկական կողմի մեղավորությամբ չի եղել: Մեկ այլ հարցին պատասխանելիս էլ, նա ակնարկեց, որ իրանական գազը թանկ է՝ նշելով, որ ռուսական գազը մենք ստանում ենք չափազանց ցածր գնով (սա իհարկե միանգամից հերքվեց, քանի որ այդ գազի դիմաց մենք համաշխարհային սահմանված գնով ենք վճարում):

Օդում կախված մնաց Իրանի հետ մեզ կապող երկաթգծի և մայրուղու նախագծերի ապագան: Կոպիտ ասած, վարչապետը փորձեց «ցրել» հարցերը՝ մասամբ դրանց պատասխանատվությունը բարդելով իրանական կողմի վրա: Պարզվեց՝ իրանական կողմը, սակայն, պատրաստ չէր ՀՀ վարչապետի վարկանիշի վերջին տոկոսները փրկելու համար զոհաբերել Հայաստանում ունեցած սեփական վարկանիշը: Սույն թվականի փետրվարի 12-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին լրագրողների հետ ունեցած զրույցում, զարմանալի զուգադիպությամբ, հատ-հատ անդրադարձավ բոլոր վերոնշյալ թեմաներին:

Նախ դեսպանն անդրադարձավ գազի հարցին՝ նշելով, որ Իրանը պատրաստ է Հայաստանին մատչելի գնով մատակարարել գազ՝ բառացի ասելով, որ «եթե Հայաստանն էներգետիկ ոլորտում մի քիչ աշխուժանա»: Կարելի է ենթադրել՝ դիվանագիտական լեզվից այս արտահայտությունը թարգմանելիս կնշանակի, որ Հայաստանը պետք է դադարի իրանական կողմից նվեր ստացած գազատարներն անհատույց և անժամկետ փոխանցել «Գազպորմ»-ին և, առհասարակ, մի փոքր ավելի հայանապաստ դիրք ընդունի: Խոսելով «Մեղրի» ՀԷԿ-ի մասին՝ դեսպանը նշեց, որ մեղավորն իրանական կողմը չէ՝ շեշտելով, որ խնդիրները կառուցապատող ընկերությունների հետ են: Անդրադառնալով երկաթգծին և Հյուսիս-Հարավ մայրուղուն՝ դեսպանը պատրաստակամություն հայտնեց այդ ծրագրերին միանալ, եթե Հայաստանի կառավարությունը կարողանա սեփական տարածքում ներդրումներ ներգրավել՝ անուղղակիորեն դիպչելով Կարապետյանի համար մեկ և շատ ցավոտ՝ ներդրում բերելու թեմային:

Ամփոփելով կարող ենք ասել, որ ՀՀ-ում Իրանի դեսպանը որոշեց ցույց տալ, որ իրենց հաշվին չարժե ինքնահաստատվել: Մեր հարևանների հետ հարաբերություններ կառուցելիս վարչապետին չօգնեց այդքան նրբանակտորեն ընտրված կանաչ փողկապը: Երևում է՝ Իրանում չգնահատեցին կոսմետիկ երևույթների սիրահար մեր պաշտոնյայի նկրտումները:

 

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից