Քաղաքականություն 

Ծեծկռտուք ՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ /տեսանյութ/

analitik.am

Այսօր՝ փետրվարի 13-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները բարձրաձայնեցին վատ պայմաններում ապրող Շաբոյանների բազմազավակ ընտանիքի մասին, որտեղ երեխաները ստիպված են ապրել, նրանց խոսքերով, գարշահոտության պայմաններում:

Հիշեցնենք, որ Ամանորին հենց այս ընտանիքի երխաների հետ էին խմբակցության անդամները փորձում մուտք գործել Երևանի քաղաքապետարան:

«Երկիր ծիրանի» խմբակցության անդամները հայտարարեցին, որ երեխաների հայրը պատերազմի մասնակից է, սակայն այսօր չի կարողանում արժանի կյանք ապահովել իր երեխաների համար, ովքեր տեսնում են իրենց ազատամարտիկ հոր արցունքները: Այնինչ քաղաքապետարանը բնակարան է նվիրում դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանին, ով, բամբասանքների համաձայն, ուզում է վաճառել այն ու հեռանալ ԱՄՆ:

Հանրապետականի ավագանու ներկայացուցիչը, պատասխանելով հայտարարությանը, նշեց, որ վերոնշյալ ընտանիքի երեխաներին Ամանորին քաղաքապետարան բերել էին շանտաժով, ինչը ասել են վերջիններս: Մինչ այդ էլ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ նմանատիպ ընտանիքները գտնվում են քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում:

Սակայն նիստն ընդհատվեց տհաճ միջադեպի արդյունքում: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները դիմակներով մոտեցան Տարոն Մարգարյանին, նրա առջև կոտրեցին բանկաներ, որոնց մեջ ինչ-որ հեղուկ էր լցված՝ ամենայն հավանականությամբ կոյուղուց վերցված ջուր, ապա տեղի ունեցավ հրմշտոց և ընդդիմադիր խմբակցության անդամներին քաշելով դուրս բերեցին նիստերի դահլիճից: Ընթացքում լսվում էին վերջիններիս բղավոցները:

Տեսանյութը՝ News.am, A1plus.am

Նույն շարքից