Հասարակություն 

Հաշվարկվել է 1 148 086 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

analitik.am

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. փետրվարի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է 11 իրավախախտում, 8-ի (6-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել  780 000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով  շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1 148 086  ՀՀ դրամ:

  Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 9 դեպք:
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 200 000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 864 500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (7 հացենի, 11 բողի, 3 ղաժի, 2 թեղի, 1 կաղնի, 3 այլ տեսակի ծառ) հաշվարկվել է 592 500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռի՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (2 բոխի, 1 քամատապալ բողի, 1 ուռենի, 1 կաղնի) հաշվարկվել է 272 000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով նշանակվել է 50 000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք՝ ընդամենը՝ 100 000 ՀՀ դրամ։
Վայոց Ձոր՝ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ արմատախիլ արված ծառերի 1 դեպքով նշանակվել է 100 000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք,

Գեղարքունիք` ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 22 հատ՝ 8.8կգ սիգ տեսակի ձուկ, հանձնվել է Սևանի Մ.Մաշտոցի N 1  միջնակարգ դպրոց ՊՈԱԿ)։

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Գեղարքունիք` խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքով նշանակվել է 100 000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 180 000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 20 500 ՀՀ դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Շիրակ` հողերի վիճակը վատթարացնող աշխատանքների կատարման 1 դեպքով նշանակվել է 80 000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 20 500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Երևան`  առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 50 000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 100 000 ՀՀ դրամ։

Ստուգումների արդյունքում

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք: 
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 263 086 ՀՀ դրամ և նշանակվել՝  300 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 590 000 ՀՀ դրամ: 

Նույն շարքից