Հասարակություն Ռազմական 

Տեղի է ունեցել Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովը

analitik.am

Փետրվարի 14-ին տեղի է ունեցել Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովը՝ նվիրված 2015-2017թթ.. միության գործունեության արդյունքների ամփոփմանը, որին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ, պատվիրակներ՝ հանրապետության բոլոր շրջաններից ու բնակավայրերից: Պատվավոր հյուրի կարգավիճակով համաժողովին հրավիրվել էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Անցած երեք տարիների ընթացքում միության կողմից իրականացված համակարգային ծրագրերը գնահատելով արդյունավետ՝ միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվող ծրագրերը դարձել են շատ ավելի հասցեական ու նպատակային, տրամադրվող սոցիալական օգնության հարցերում առավել մեծ ուշադրություն է դարձվել արդարության սկզբունքի պահպանմանը, գործուն քայլեր են ձեռնարկվել պաշտպանական գործընթացներում ազատամարտիկների ներուժն ու հնարավորությունները առավել արդյունավետ օգտագործելուն:

Համաժողովի ընթացքում ներկայացվել են նաև հաշվետու զեկույցներ նախորդ երեք տարվա ընթացքում միության ենթակառուցվածքների կատարելագործման, պաշտպանական, սոցիալական, հասարակական-քաղաքական կյանքի տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Համաժողովի աշխատանքների ավարտին պատվիրակների կողմից ընտրվել են միության վերահսկիչ մարմիններն ու վարչության նոր կազմը, որի առաջին նիստում Արցախի ազատամարտիկների միության նախագահ է վերընտրվել գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը:

Նույն շարքից