Հասարակություն Տնտեսություն 

Քննարկվել են Երևանի սոցիալական ոլորտին առնչվող հարցեր

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հանդիպման ընթացքում քննարկվել են 2014թ-ին Երևանում նախատեսված սոցիալական ծրագրերի հետ կապված հարցեր:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նախարարին ՀՀ աշխատանքի և սոցիալական ծառայությունների կազմավորման 20 և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 95-ամյակի կապակցությամբ ու ընդգծել, որ բնակչության սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են և տարեց տարի ավելի ու ավելի մեծ ուշադրություն, նաև միջոցներ են ուղղվում բնագավառի կատարելագործմանը. «Սոցիալական տարբեր խմբերում ներառված մեր համաքաղաքացիներն իսկապես մեր խնամքի, հոգածության և աջակցության կարիքն ունեն և մենք պետք է հետեւողական աշխատանք տանենք նրանց խնդիրների լուծման ուղղությամբ: 2014թ-ի Երևան քաղաքի բյուջեում մասնավորապես սոցիալական ծրագրերի իրականացման մասով մենք նախատեսել ենք զգալի միջոցներ: Ըստ այդմ, գալիք տարի ծավալուն աշխատանքներ ենք նախատեսել իրականացնել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքն առավել մատչելի դարձնելու ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով մայրաքաղաքում իրականացվող սոցիալական ծրագրերին քաղաքապետի գործուն օժանդակության համար, ընդգծել է, որ այն զգալիորեն նպաստում է նման ծրագրերի առավել արագ ու հասցեական իրականացմանը. «Սոցիալական ուղղվածության գործընթացների նկատմամբ դրսևորած Ձեր հետևողական ուշադրությունը իսկապես զգալի է և մեր կողմից շատ գնահատված, պարո'ն քաղաքապետ: Երևանի քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցությունն արդյունավետ է, ինչի արդյունքում էլ համատեղ իրականացվող բոլոր ծրագրերը հաջողությամբ կյանքի են կոչվում»,- նշել է Արտեմ Ասատրյանը:


Կողմերը պայմանավորվել են այսուհետ էլ ավելի ընդլայնել համագործակցության ծրագրերի շրջանակը:

Նույն շարքից