Գլխավոր Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

Քաղաքապետարանը որևէ կապ չունի Նուբարաշենի կոյուղու հետ․ Ինչո՞ւ էր ԵԾ-ն քաղաքապետարանում ակցիա անում

analitik.am

Երևանի քաղաքապետարանում Երկիր Ծիրանի կուսակցության կողմից, իրենց բնորոշմամբ, քաղաքական ակցիայի հետքերով գնալիս հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս:

Սկսենք նրանից, որ Նուբարաշեն համայնքում կոյուղաջրերի խնդիրը նոր չէ և կապված է բացառապես Նուբարաշեն ՔԿՀ-ի հետ, ավելին՝ այն որևէ կապ չունի Երևանի քաղաքապետարանի հետ և ի սկզբանե չի կարող լուծվել Երևանի քաղաքապետարանի կողմից:

Այսպես՝ Analitik.am-ը նախ կապ հաստատեց Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանի հետ, ով մեզ հայտնեց, որ կոյուղաջրերի խնդիրը կապված է Նուբարաշեն ՔԿՀ-ի հետ, այսինքն՝ խնդիր կա վերոնշյալ ՔԿՀ-ի կոյուղու հետ: Այն տարածքը, որտեղ խնդիր կա, պատկանում է Նուբարաշեն ՔԿՀ-ին: Պարոն Սարգսյանը նաև նշեց, որ պետք է ինչ-որ մեկը նոր կոյուղի կառուցի, սակայն դա չի կարող լինել Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն, քանի որ նման ծառայություն մատուցվում է միայն համապատասխան պայմանագիր ունենալու դեպքում, Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն իր կողմից կարող է աջակցել կոյուղու կառուցման հարցին, եթե կազմակերպությունը տրամադրի անհրաժեշտ նյութերը: Նա նաև նշեց, որ արդեն տրամադրվել են անհրաժեշտ խողովակները, խնդիրը լուծման փուլում է:

Նախատեսվում է, որ մոտ օրերս ավարտին կհասցվի խողովակաշարը և շահագործման կհանձնվի մեկ կոյուղագիծ: Այլևս չի լինի առուն, որի խցանման պատճառով գարշահոտություն էր տարածվում: Պարոն Սարգսյանը նաև նշեց, որ խցանման դեպքում նրանք միշտ գնացել և վերականգնել են, չնայած որ դա իրենց պարտականությունների մեջ չի մտնում, այդուհանդերձ, դա արվել է՝ այսպես ասած, բարի կամքի դրսևորմամբ: Պարզ դարձավ, որ նոր կոյուղու կառուցման հարցը պետք է կարգավորի Նուբարաշեն ՔԿՀ-ն, ավելի շուտ, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը:

Analitik.am-ը կապ հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հետ, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ դեռևս ամիսներ առաջ վարչությունը սկսել է կոյուղու վերանորոգման նախագիծը, կազմվել է նախահաշվարկ, գծագրվել է, անցկացվել են անհրաժեշտ փորձաքննությունները և աշխատանքները սկսված են: Մեր այն հարցին, թե արդյոք Երկիր Ծիրանի կուսակցության կողմից արված ակցիան կապ ունի Նուբարաշեն ՔԿՀ կոյուղու վերանորոգման աշխատանքների հետ, ՔԿՀ վարչությունից պատասխանեցին, որ այդ աշխատանքների կատարումը նախատեսված է եղել դեռևս ամիսներ առաջ, մի շարք աշխատանքներ են կատարվել այդ ուղղությամբ, ուստի անկախ նրանից, թե ինչ կաներ կամ չէր անի Երկիր Ծիրանին, կոյուղին վերանորոգվելու էր:

Մենք ճշտեցինք նաև, թե ինչ կապ ունի Երևանի քաղաքապետարանը Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղու խնդիրների հետ, որին ի պատասխան ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից մեզ ասացին, որ Նուբարաշեն ՔԿՀ-ն, ինչպես նաև դրա կոյուղին գտնվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության վերահսկողության ներքո, ուստի Երևանի քաղաքապետարանը որևէ կապ չի կարող ունենալ տվյալ խնդրի կարգավորման հետ, դա Երևանի քաղաքապետարանի պարտականությունների մեջ, փաստացի, չի մտնում:

Վերոնշյալ փաստերի համադրությունից հարց է առաջանում՝ արդյոք Զարուհի Փոստանջյանը և Երկիր Ծիրանի ավագանու անդամները տեղյակ չէին, որ խնդիրը Երևանի քաղաքապետարանի լիազորություններից դուրս է, այսինքն, այդ կոյուղու հարցը Երևանի քաղաքապետրանը չէ, որ պետք է կարգավորեր զուտ այն պարզ պատճառով, որ դա չի մտնում վերջինիս պարտականությունների մեջ:

Եթե ԵԾ-ն տեղյակ լինելով հանդերձ նման ակցիա անցկացրեց Երևանի քաղաքապետարանում, ինչի արդյունքում եղավ հայտնի  տհաճ միջադեպը, ապա ստացվում է, որ այդ ակցիան խնդիրը լուծելու հետ որևէ կապ չուներ, քանի որ անցկացվում էր մի կառույցում, որը փաստացի կապ չի կարող ունենալ ոչ այդ խնդրի առաջացման, և ոչ էլ լուծման հետ: Այստեղից կարելի է ենթադրել, որ նպատակն այլ էր, իսկ թե ինչն էր, երևի ԵԾ-ն ավելի լավ կիմանա:

Տարբերակ երկրորդ, եթե ԵԾ-ն տեղյակ չէր, որ տվյալ խնդիրը Երևանի քաղաքապետարանի լուծման տիրույթում չէ, ապա շատ ավելի վատ, քանի որ ստացվում է, որ Երևանի ավագանու անդամը չգիտի, թե ինչ լիազորություններ և պարտականություններ ունի այն կառույցը, որի կայացրած որոշումներին ինքն էլ է մասնակցում:

Ինչևէ, ամփոփելով, կարելի է փաստել, որ խնդիրները շատ ավելի արագ լուծումներ կստանան, եթե տվյալ խնդիրը լուծելու իրական ցանկություն ունեցող ուժերը կամ մարդիկ կենտրոնանան բուն խնդրի, այլ ոչ թե խնդիրը ցուցադրաբար սխալ հասցեներով ներկայացնելու վրա, ինչի արդյունքում ստեղծվում են նոր խնդիրներ և նոր հետևանքներ:

Նույն շարքից