«Մեր քաղաքացիները չեն ուտում BMW-ի ֆառ»,-այսօր՝ փետրվարի 16-ին, խորհրդարանում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, թե ավտոպահեստամասերն էժանացել են:
Տիկին Զոհրաբյանը հիշեցրեց, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե Հայաստանում գնաճը, օրինակ, Վրաստանի հետ համեմատած շատ նվազ է և կազմում է 2,6 տոկոս, հետևաբար այն կառույցները ովքեր ապատեղեկատվություն են հայտնում վարչապետին, պետք է պատասխանատվության ենթարկվեն. «Եթե 2,6 տոկոս գնաճ ենք արձանագրում, պետք է հասկանանք, թե ինչն ենք հաշվում և ինչպես: Ներկայացված է վերլուծությունը, որում նշվում է, որ օրինակ BMW-ի ֆառերն էժանացել են: Բայց այդ ֆառերը չկան առաջին անհրաժեշտության կենսաապահովման զամբյուղում: Դե, մեր քաղաքացիները չեն ուտում BMW-ի ֆառ»:
Ծառուկյան խմբակցության ներկայացուցչի խոսքերով, այն մեթոդները, որոնցով կառավարությունը հաշվում է գնաճը, պրիմիտիվ մանիպուլացիա է, իսկ իրական գնաճը մի քանի անգամ ավել է:
Զոհրաբյանը խոսեց նաև նվազագույն սպառողական զամբյուղի մասին՝ նշելով, որ դրա իրական թիվն այնպիսին է, որ նույնիսկ միջին աշխատավարձ ստացողները տոտալ աղքատների շարքերը կհամալրեն. «Ինչպե՞ս է լինում, որ միջազգային շուկայում գնանկում է լինում, իսկ Հայաստանում՝ գնաճ: Պետք է այստեղ հրավիրվեին բենզինի և դիզվառելիքի ոլորտի տիրակալները, որպեսզի նրանք բացատրեին, թե ինչպե՞ս է լինում, որ Ռուսաստանում բենզինը թանկանում է 8 տոկոսով, իսկ Հայաստանում՝ 30: Միգուցե բենզինի դոնկառլիոնիներն ունեն այդ պատասխանները: 2.6 տոկոս գնաճը, որ դուք հրապարակում եք, դա ուղղակի ապատեղեկատվություն է: Դուք չունեք ամոթ, եթե դուք ամոթ ունենայիք, դուք այստեղ չէիք փորձի թվային աճպարարություններ անել, միայն նրա համար, որպեսզի կես ժամ հետո գաք և միահամուռ կերպով քվեարկեք և մերժեք այս նախագիծը»: