Վիզաների խարդախությունը ոչ միայն քրեական հանցանք է. այն նաեւ խոչընդոտում է երկրների միջեւ մշակութային համագործակցությունը, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա:
«Մի քանի վատ խնձոր վնասում է մյուս բոլորին», - ամերիկյան ասացվածքով է արձագանքում օրեր առաջ մի շարք հայերի դեմ հարուցված քրեական գործին ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության քրեական բաժանմունքի ղեկավար, գլխավոր դատախազի օգնականի պաշտոնակատար Ջոն Քրոնանը.
«Մշակութային գործիչների P-3 վիզան ամերիկյան կողմի համար մյուս երկրների մշակույթին ծանոթանալու հրաշալի հնարավորություն է»:
Սակայն, երբ մշակութային գործչի վիզա ստանալու գործընթացում կեղծիքներ են բացահայտվում, դա վնասում է մշակութային կապերին, նշում է պաշտոնյան.
«Խնդիրն այն է, որ այն գործիչների նկատմամբ, ովքեր իրականում նախատեսում են ԱՄՆ-ում իրենց մշակութային տաղանդը ներկայացնել, հնարավոր է նման դեպքերից հետո թերահավատություն եւ կասկած դրսեւորվի, որովհետեւ ենթադրաբար մյուսները ստել են»:
Հայերին ներկայացված մեղադրանքի շուրջ զրույցի ընթացքում Ջոն Քրոնանը կրկնում է «ենթադրաբար» բառը, հիշեցնելով, որ մինչ անձի մեղքը դատարանով չի ապացուցված, անձը մեղավոր չէ.
«Տիկին Բոյաջյանը մեղադրվում է միջազգային ներգաղթային խարդախություն ղեկավարելու մեջ, որի ընթացքում կեղծիքի միջոցով անձանց ապօրինի օգնում էին P-3 վիզաներ ստանալ»:
Մանրամասն՝ amerikayidzayn.com