Կարիք չկա, որ մենք այստեղ հայերով հավաքվենք ու իրար համոզենք, ապացուցենք, որ Սումգայիթ է եղել, Մարաղա է եղել, Թալիշ է եղել, որ դրանք ցեղասպանություն են, ջարդեր են: ԱԺ-ում «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Տիկին Եսայանի խոսքերով, լավ է, որ նման լսումներ են հրավիրվել և լավ է, որ հայտարարություն է ընդունվելու, սակայն մենք պետք է աշխարհի հետ խոսենք. «Մենք անընդհատ խոսում ենք ցեղասպանության մասին, Սումգայիթի մասին, Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին, խոսում ենք, հայտարարություններ ենք անում տարբեր տեղերում ու գալիս տուն: Սակայն մենք պետք է հետևողական լինենք, այն փաստերը, որոնք ունենք, «խոթենք միջազգային բոլոր կառույցների աչքը», նրանց սեղաններին դնենք այդ փաստերը, ապացուցենք, ահազանգենք»:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ աշխարհը միշտ շատ զբաղված է, պետությունները միշտ ունենում են իրենց խնդիրն ու շահերը, իսկ մենք՝ հայերս, միշտ մնում ենք շատ խելոք, շատ զուսպ, ցեղասպանված, բայց շատ խելացի ելույթներ ենք ունենում. «Ես առաջարկում եմ այլևս խելոք չլինել, մենք պետք է մի քիչ չարություն անենք, պահանջատեր լինենք, քանի որ աշխարհը 21-րդ դարում շարունակում է գնալ նույն ճանապարհով: Երբ Ալիևի և Էրդողանի նման մեկը հայտարարություններ են անում, չպետք է թողնենք, որ աշխարհը մտածի, թե պետության ղեկավարներ են, կարող են ցանկացած հայտարարություն անել: Պետք է բռնել այդ ձեռքը, պետք է փաստի առաջ կանգնեցնել, սա 21-րդ դարն է:Մենք միջազգային ընդունված նորմերով ապրում ենք, բայց գալիս է մի ադրբեջանցի, թուրք ու հայտարարություններ է անում, իսկ գերտերությունները լռում են: Սրա վերջը պետք է տրվի, մենք լուծումը պետք է գտնենք հայերով: Պետք է լինենք հետևողական, հաստատակամ և ցանկացած փաստ բարձրաձայնենք, պետք է դրական իմաստով զզվեցնենք միջազգաին կառույցներին, որոնք որոշում կայացնելու հնարավրություն և իրավունք ունեն, որ վերջապես հարցին կոնկրետ լուծում տան: Այսօր Ադրբեջանը շատ ավելի վտանգավոր հայտարարություններ է անում, քան երիտթուրքերի ժամանակ էին հնչում: Մենք անելիք ունենք որպես պետություն»: