Քաղաքական Միջազգային 

Պուտինի մտերիմ ընկերոջ՝Լազուրյան ափին գտնվող շքեղ առանձնատները բացահայտվել են

Le Monde-ն գրում է, որ Պուտինի մտերիմ ընկեր Բորիս Ռոտենբերգը Լազուրյան ափին  մի քանի շքեղ առանձնատուն ունի: Ըստ համապատասխան մարմինների կողմից ներկայացված տվյալների,  2015 թվականին Լազուրյան ափին գտնվող մոտ 2000 անշարժ գույք պատկանում է ՌԴ քաղաքացիներին:

Le Monde-ի, ռուսական "Новая газета"-ի և Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործությունների ուսումնասիրության կենտրոնի  (OCCRP) միացյալ ջանքերի շնորհիվ բացահայտվել են անշարժ գույքերը, որոնք պատկանում են Վլադիմիր Պուտինի մտերիմ Ռոտենբերգին: Գույքը ձեռք է բերվել Մոնակոյի անհատ ձեռնարկատիրոջ միջոցով, ով միևնույն ժամանակ հանդիսանում է Լյուքսեմբուրգում Մոնակոյի պատվավոր  հյուպատոսը:

61-ամյա Բորիս Ռոտենբերգը Պուտինի մանկության ընկերն է: Նրա և իր եղբոր կարողությունը միասին  կազմում է 3,3 մլրդ ԱՄՆ դոլար:

2014-ին՝ Ղրիմի միացման հետ կապված հայտնի իրադարձություններից հետո Բորիսի մեծ եղբայրը՝ Արկադին, հայտնվեց ամերիկյան և եվրոպական պատժամիջոցների ազդեցության տակ: Արդյունքում նա չկարողացավ մուտք գործել Սարդինիայում գտնվող իր բազմաթիվ անշարժ գույքերը: Բորիսը հայտնվեց Վաշինգտոնի պատժացուցակում, բայց ոչ Բրյուսելի, ուստի նա կարողանում է այցելել Լազուրյան ափի իր առանձնատները, որոնք գնահատվում են մոտ 25 մլն եվրո:  Բորիսը շարունակում է քողարկել այն փաստը, որ այդ տներն իրեն են պատկանում: Որպես դրանցից մեկի սեփականատեր նշված է  Tannor 2 կազմակերպությունը, որը գրանցված է Մոնակոյում, իսկ սեփականատերերի անունների մասին տեղեկությունն էլ փակ է:

Le Monde-ը փորձել է Բորիս Ռոտեմբերգից պարզել, թե նա ինչ կապ ունի այդ առանձնատների հետ, վերջինս ի պատասխան ասել է, որ ընդամենը վարձակալում է դրանք՝ հողատարածքի հետ միասին:  Le Monde-ի անցկացրած հետաքննությամբ պարզվել է, որ  Tannor 2 ընկերությունը կապված է մոնակացի գործարար Էդմոնդ Պատրիկ Լեկուրի հետ:Հողատարածքի սեփականատերն էլ  հանդիսանում է Getad ընկերությունը, որը նույնպես կառավարվում է Լեկուրի կողմից:

Le Monde-ը եզրափակում է, որ շատ մասնագետների կարծիքով, այս մեխանիզմը ոչ միայն հնարավորություն է տալիս գաղտնի պահել իրական սեփականատերերին, այլ նաև խանգարում է ֆրանսիական հարկային մարմիններին հայտնաբերել գույքի իրական սեփականատիրոջը, ինչն էլ իր հերթին թույլ է տալիս իրական սեփականատերերին խուսափել շքեղության հարկի վճարումից:

 

Նույն շարքից