«Լա՞վ եք, պարոն Կոստանյան»,-այսօր խորհրդարանում մարտի 1-ի իրադարձություններին նվիրված լսումների ժամանակ, դիմելով նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, հարցրեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Դուք ձախողված դատախազ եք: Առյուծի սիրտ պետք է ուտել, որպեսզի այդ հարցազրույցից հետո մարդ համարձակվի գալ այստեղ լսումներին մասնակցելու համար: Քոչարյան Ռոբերտին հարցաքննեինք, որ ի՞նչ ասեր: Դուք եք երեկ ասել: Այսինքն, Դուք գիտեի՞ք, թե ինչ պետք է ասի Քոչարյանը և դա արժեքավոր չէ, հետևաբար կարիք չկա նրան լսել: Վկաներ չկան, հասկացանք, վերևներից բռնեք: Դե Դուք չէ, Դուք հիմա պատգամավոր եք: Այդ տեսակ ձախողումներից հետո, ուրիշ գործեր չեմ ուզում պատմել Ձեր կենսագրությունից: Հուսամ գիշերները լավ եք քնում»,-հավելեց Բարսեղյանը:
Սա անպատասխան չմնաց: Ավելի ուշ Կոստանյանը հայտարարեց, որ իր համար վիրավորանք կլիներ, եթե Բարսեղյանը գնահատեր որպես դատախազ իր գործունեությունը. «Որ պահին Դուք լինեիք իմ աշխատանքը գնահատողը, որ պահին Դուք որոշեիք, որ ես հաջողակ դատախազ եմ, ինձ համար դա կլիներ անձնական վիրավորանք»:
Կոստանյանը նաև ասաց, որ իր արտահայտած ամեն կարծիքի համար ինքը և իրավական, և բարոյական հարթության վրա պատասխան տվել է և տալու է:
Բարսեողյանն էլ իր հերթին հայտարարեց՝ եթե վիրավորել է նախկին դատախազին, վերջինս կարող է օգտվել իր համապատասխան իրավունքներից և դիմել համապատասխան մարմիններին:
Բարսեղյանը նաև նշեց, որ ինքը՝ որպես հարկատու, իրավունք ունի իմանալու, թե ինչպես է պետական պաշտոնյաների առողջական վիճակը: