«Ես զարմանում եմ, որ լրագրողները ոչինչ չեն կարդում, միայն գրում են, որովհետև 10 տարի առաջ ասել եմ, որ Քոչարյանը հարցաքննվի: Այդ մասին ես հիմա չեմ ասում, ասել եմ 10 տարի առաջ, ինչի մասին գրված է, արձանագրված է»,-այսօր՝ փետրվարի 27-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Մարտի 1-ի գործով ԱԺ նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:
Թե ինչու այդուհանդերձ նախկին նախագահը չի հարցաքննվել, Նիկոյանն ասաց, որ պետք է հարցնել հարցաքննողներին:
Պատգամավորի խոսքերով, ինքը չէր կարող այն ժամանակ հարցաքննության հրավիրել նախկին նախագահին, դրա համար ստիպված հրապարակայնորեն հայտարարել է այդ մասին՝ հույս ունենալով, որ հրապարակային հարցին պատասխան կլինի:
Հարցին՝ արդյո՞ք իշխանությունների թույլտվությամբ մարտի 1-ի թեման երևան բերելը նպատակ չունի սաստել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին զերծ մնալ ակտիվությունից՝ ընտրություններից առաջ, Նիկոյանն ասաց, որ նման բան չկա, ուղղակի համաձայնեցին մարտի 1-ի հարցը ընդգրկել օրակարգ, քանի որ քաղաքական ուժերը քննարկելու բան ունեն:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը միաձայն որոշում կայացրեց մարտի 1-ի դեպքերի մասին ԵԼՔ խմբակցության նախագիծն ընդգրկել ԱԺ օրակարգ: