«Անդրեաս Ղուկասյանը, Գևորգ Սաֆարյանը, Հայկ Կյուրեղյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Շանթ Հարությունը և վերջինիս հետ գործով անցնող անձինք քաղբանտարկյա՞լ են, թե՝ ոչ »,-այսօր՝ փետրվարի 27-ին, խորհրդարնում Բարձրագույն դատական խորհրդի անդամների հարցը քննարկելու ժամանակ, դիմելով Բարձրագույն դատական խորհրդի երրորդ պաշտոնի թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանին, հարցրեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Մելիքջանյանը նշեց, որ պատասխանելու է որպես պրոֆեսիոնալ իրավաբան՝ հայտարարելով, որ ՀՀ-ում գոյություն ունի Քրեական օրենսգիրք, նախատեսված են քրեական հանցակազմեր, իսկ դատարանները պարտավոր են առաջնորդվել քրեական հանցակազմերով. «Ինչ վերաբերում է վերոնշյալ անձանց, ապա նրանք դատապարտվել են կոնկրետ հանցագործությունների համար: Իսկ արդյո՞ք այդ հանցակազմը համարվում է քաղաքական հանցակազմ, թե՝ ոչ, չեմ կարող ասել, քանի որ ես քրեական իրավունքի մանսագետ չեմ»:
Ամեն դեպքում Մելիքջանյանը նշեց, որ ողջ աշխարհում իշխանությունն ապօրինի բռնազավթելու համար մարդիկ դատապարտվել են, և գրեթե բոլոր երկրներում այդ հանցագործությունը նախատեսված է. «Եթե Հայաստանում նման հանցակազմ չլինի, յուրաքանչյուր անձ կարող է նման կոչերով հանդես գալ: Իսկ թե հասարակությունն ինչ քաղաքական գնահատական կտա դրան, այլ հարց է»:
Միրզոյանն իր արձագանքում հիշեցրեց, որ թվարկված մարդկանց հիմնական մասը դատապարտված են ոչ թե իշխանության բռնազավթման կոչերի, այլ խաղալիք ատրճանակի օգտագործման, տոնածառ տեղադրելու փորձի համար և այլն:
ԲԴԽ թեկնածուն կրկնեց՝ եթե անձանց գործողություններում առկա է քրեական հանցակազմ, դատարանները պետք է առաջնորդվեն քրեական օրենսգրքով: