Հայաստան Քաղաքական 

Մեկ էլ Միկոյանն է այդքան երկար իշխանության մեջ եղել. Բոստանջյանը՝ Գագիկ Հարությունյանի մասին

«Բոլորը գիտեն, թե ինչ տխուր վիճակում է ՀՀ դատական համակարգը»,-այսօր՝ փետրվարի 27-ին, խորհրդարանում Բարձրագույն դատական խորհրդի անդամների հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ այսօր ԲԴԽ-ին բացառիկ հնարավորություն է տրվում շտկել իրավիճակը, և պետք է հենց այդպես վարվել:

Բոստանջյանըը ԲԴԽ պաշտոնների թեկնածուներին ողջունեց և կոչ արեց օգտագործել պոտենցիալը հայաստանյան դատական համակարգում նոր որակ բերելու համար:

Ինչ վերաբերում է կոնկրետ ԲԴԽ պաշտոններում թեկնածուներին, ապա Ծառուկյան խմբակցության պատգամավորը նախ խոսեց Գևորգ Դանիելյանի մասին՝ նշելով, որ «նույն երկրացի» են և երբ վերջինս եղել է ԱԺ-ում, ինքը հետևել է, որպեսզի ընդդիմադիրները նրան նեղը վիճակի մեջ չգցեն: Բոստանջյանի խոսքերով, Դանիելյանը լուրջ պրոֆեսիոնալ է, և նրա մասնագիտական որակների մասով հարցեր չեն կարող առաջանալ:

Ապա Ծառուկյան խմբակցության պատգամավորը խոսեց Գագիկ Հարությունյանի մասին՝ հայտարարելով, որ վերջինիս ճանաչում է 1983 թվականից, երբ համատեղ աշխատում էին Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում. «Բացառիկ անձնավորություն է: Հայ իրականության մեջ եզակի մարդ է: Մեկ էլ Անաստաս Միկոյանն է այդքան երկար իշխանության մեջ եղել: Հենց այնպես չես լինի իշխանության մեջ, դրա համար պետք է լինել բանիմաց, շրջահայաց, հեռատես, պրոֆեսիոնալ մասնագետ: Իսկ Գագիկ Հարությունյանն այդպիսինն է»:

Բոստանջյանը նշեց նաև, որ Հարությունյանը սահմանադրական միտքը զարգացնելու, արդիականացնելու մասով մեծ աշխատանք է կատարել:

 

Նույն շարքից