Հասարակություն 

Պայքար քրեական աշխարհի գահի համար. Ի՞նչ դերակատարում ունի հայ օրենքով գող Զապը

Թուրքիայի ոստիկանությունը տեղեկացրել է, որ Դաթո Պանկիսկիի սպանության հետքերը բացահայտվում են: Այս մասին հայտնում է «Прайм Крайм»-ը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի դեկտեմբերի 22-ին Ստամբուլում սպանվեց վերոնշյալ քրեական հեղինակությունը: Թուրք ուժայինների տեղեկություններով, մարդասպանը ՀՀ քաղաքացի է, իսկ ենթադրյալ պատվիրատուն՝ օրենքով գող Անդրանիկ Սողոյանը, ով ավելի հայտնի է Զապ անունով:

«Прайм Крайм»-ը հայտնում է, որ Դաթոյի սպանությունից հետո Զապը հնարավոր է պատվեր ստանար մեկ այլ ադրբեջանցի օրենքով գող Նադիր Սալիֆովին (Գուլի) շարքից դուրս բերելու մասով: Գուլին համարվում է օրենքով գողերի գահի հավակնորդ՝ այդ պայքարում զիջելով միայն Շաքրո Մոլոդոյին:

Գործակալությունը նաև գրում է, որ Սողոյանը, հնարավոր է, գործել է Դաթո Օզմանովի պատվերով: Նշվում է, որ դեռ 2011 թվականին Դաթոն իր կողմնակիցների հետ ծեծի է ենթարկել Օզմանովին, ով Շաքրո Մոլոդոյի ազգականն է: Այն ժամանակ Օզմանովը դանակի բազմաթիվ հարվածներ էր ստացել, սակայն հրաշքով ողջ էր մնացել:

«Прайм Крайм»-ի տեղեկություններով, Օզմանովի միջնորդությամբ հանդիպում է տեղի ունեցել Սողոյանի և Զաուր Ահմեդովի միջև, ով 2016-ին գնդակահարված ադրբեջանցի օրենքով գող Ռովշան Ջանիևի եղբայրն է: Դեռ հայտնի չէ, թե ով է եղել Ջանիևի պատվիրատուն, սակայն, նշվում է Գուլիի անունը:

Այն ժամանակ Ահմեդովը երդվել է վրեժ լուծել Գուլիից, ուստի չի բացառվում, որ Պանկիսկիին շարքերից հանելուց հետո Սողոյանը կստանար նաև Գուլիին վերացնելու պատվերը:

Նույն շարքից