Ամենաընթերցվածներ Գլխավոր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը նախազգուշացնող զարկ է արձակում Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ

analitik.am

Փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ-ն անսպասելիորեն կողմ քվեարկեց Մարտի 1-ի վերաբերյալ ԵԼՔ դաշինքի կողմից ներկայացրած նախագծին: Անակնկալ էր ոչ թե նրա համար, որ քվեարկությանը նախորդող լսումների ժամանակ պետաիրավական հարցերով հանձնաժողովը դրական եզրակացություն չէր տվել այդ նախագծին, այլ այն պատճառով, որ դրական եզրակացություն չստացած նախագծին կողմ քվեարկեցին բոլոր ներկաները: Միաձայն: Սա, իհարկե, չի նշանակում, որ նախագիծն ընդունվելու է, սա նշանակում է, որ այն առնվազն քննարկվելու է: Բնական է, որ բուն քննարկման նախադեպն էլ արդեն բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Նշված մեկնաբանություններն էլ ավելի հետաքրքիր երանգ են ստանում, երբ հաշվի ենք առնում ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի խոսքերն առ այն, որ Մարտի 1-ի գործով պետք է հարցաքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Լինելով գերկազմակերպ խմբակցություն՝ ՀՀԿ-ն նախկինում ոչ միշտ է կարողացել վիճահարույց իրավիճակներից պատվով դուրս գալ. Բոլորովին վերջերս մի օրինագծի քննարկման ժամանակ նրանք նույնիսկ ստիպված եղան դիմել ԾԴ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի օգնությանը: Սակայն, սա այդ դեպքը չէր, այս անգամ ամբողջ խմբակցությունը և ամբողջ Ազգային Ժողովը մեկ մարդու պես կողմ քվեարկեց՝ ընդունելով պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Կոստանյանի առաջարկը, այն նույն հանձնաժողովի նախագահի, որը նախագիծը հավանության չէր արժանացրել։

Անշուշտ, զուր է ենթադրել, որ պատգամավորները ողբերգությունից տաս տարի անց ինչ-որ նոր փաստեր են իմացել կամ, որ նոր է ի հայտ եկել այդ ժամանակ երկրի ղեկավարի դերակատարության հարցը: Այս հարցը Սերժ Սարգսյանի մեծ ու հին պահարանից հանվել է, քանի որ ժամանակն է եկել: Նախ՝ շնորհիվ նոր սահմանադրության իր իշխանությունն ավելի ամուր է, քան երբևէ: Նա այլևս չունի լեգիտիմության խնդիր, չունի պաշտպանության նախարար՝ ի դեմս Սեյրան Օհանյանի, իսկ այդ ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աղվան Հովսեփյանն էլ շատ ավելի թույլ է, քան նախկինում: Փաստացի, ապրիլյան վերադասավորումներից հետո Սերժ Սարգսյանը կդառնա միանձնյա ղեկավար:

Քաջ գիտակցելով սա՝ ներիշխանական այն էլիտաները, որոնք իրենց խոցելի են զգում, փորձելու են ընդվզել: Մարտի 1-ի վերաբերյալ նախագծի քվեարկությունը հենց այդ ընդվզումների դեմ պայքարի շրջանակներում էլ պետք է դիտարկել: Այս մի քվեարկությամբ Սերժ Սարգսյանը հստակ «մեսիջ» է հղում գորշ կարդինալ Քոչարյանին, ընդդիմադիր դարձած Օհանյանին, քննչական մարմինները սեփականաշնորհած Հովսեփյանին և բոլոր նրանց, ովքեր «չեն պատրաստվում համոզել Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ»:

Այս կոնտեքստում մամուլում հայտնված արտահոսքերն առ այն, որ ԵԼՔ դաշինքի ներսում պառակտում է տեղի ունենում, պետք է դիտարկել որպես մի փոքր փոխհրաձգություն ընդհանուր ներիշխանական հրադադարի ռեժիմի խախտման ֆոնին: Ըստ այդմ, պետք չէ նաև զարմանալ, որ արտահոսքը կազմակերպել է ԵԼՔ-ի հենց քոչարյանական թևը: Անշուշտ, հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես է Էդմոն Մարուքյանն ի վերջո վերաբերվելու Նիկոլ Փաշինյանի «գործուղմանը» Ազատության հրապարակ, սակայն, ամենահետաքրքիր մարտերն ինչպես միշտ սպասվում են ներիշխանական կուլուարներում: Թեպետ, լուրջ տեղաշարժեր ակնկալել պետք չէ, քանի դեռ ԱԺ-ում չեն սկսել քննարկել Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ նախագիծ։

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից