Սումգայիթյան ջարդերի ժամանակ Ադրբեջանի բնակավայրերում հայերի կյանքերը փրկել են նաև այլազգիներ, Ադրբեջանի քաղաքացներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցությաՆ պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ հիշեցնելով, որ այդ մասին խոսվեց և պատմություններ ներկայացվեցին օրեր առաջ խորհրդարանում տեղի ունեցած լսումների ժամանակ:
Զեյնալյանը, խոսելով քննարկվող հայտարարության մասին, նշեց, որ դրա փաստական տվյալները հենված են բավականին ընդարձակ և հարուստ գրականության, անհերքելի ապացույցների և դատական ակտերի վրա:
ԵԼՔ խմբակցության պատգամավորն ընգծեց, որ հայտարարության վեկտորն ուղղված է բացառապես Ադրբեջանի վարչակազմի դեմ, այն քաղաքականության դեմ, որն իրականացնում է Բաքուն: Բացի դրանից, կա նպատակ վերացնելու հայատյացության մթնոլորտը, որը կա Ադրբեջանում:
Պատգամավորը կոչ արեց Ազգային ժողովին կողմ քվեարկել նախագծին:
Ավելի վաղ ելույթ ունեցավ նաև հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ կոչ անելով խորհրդարանին քվեարկության դնել հայտարարությունը և ընդունել՝ հավելելով, որ ընդունվելուց հետո այն հրապարակվելու է և հասանելի է լինելու աշխարհին:
Ելույթ ունեցավ նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ հայտարարությունն ընդունելով՝ սկիզբ է դրվում Սումգայիթի «նյուրնբերգին», որն ունենալու է նույն ավարտը, ինչպիսին ունեցավ Նյուրնբերգյան դատավարությունը հիտլերյան Գերմանիայի համար: