Հայաստան Քաղաքական 

Մանր ժուլիկությո՞ւն. ԵԼՔ-ի «գլխին սարքեցի՞ն», թե ԵԼՔ-ում կողմ քվեարկողներ եղան

Խորհրդարանում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության արդյունքների ամփոփումից հետո ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խմբակցության բոլոր 7 անդամները դեմ են քվեարկել 2 դեմ ձայն ստացած Գագիկ Հարությունյանի և Գևորգ Դանիելյանի թեկնածությանը: Փաշինյանը հայտարարեց, որ սա համարում է մանր ժուլիկություն, որն ունի հեռու գնացող նպատակներ, որոնք ուղղված են ԵԼՔ դաշինքի դեմ: Փաշինյանը պահանջեց հետաքննություն սկսել:

Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանն իր հերթին հայտարարեց, որ հանձնաժողովի բոլոր անդամները մասնակցել են քվեարկության ամբողջ գործընթացին՝ այդ թվում նաև քվեաթերթիկների հաշվառման գործընթացին, ստորագրվել է արձանագրություն և պետք չէ անհիմն հայտարարություններ անել:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հայտարարեց, որ ինքը Հաշվիչ հանձնաժողովի անդամ է, բայց չի կարող վստահ լինել, որ դեմ քվեարթերթիկները չեն փոխարինվել կողմ քվեարկված քվեաթերթիկներով, դա, նրա խոսքերով, կարող էին անել հանձնաժողովի մյուս անդամները:

Ելույթով հանդես եկավ նաև ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ վստահություն հայտնելով, որ քվեաթերթիկների փոփոխություն է տեղի ունեցել:

ԱԺ Ծառուկյան դաշինքի խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք ևս ներկայացուցիչներ ունեն Հաշվիչ հանձնաժողովում՝ նշելով իրենց ներկայացուցիրների մասնակցությամբ մանիպուլացիա չէր կարող լինել և առաջարկելով վերահաշվարկ՝ տարատեսակ կարծիքներից խուսափելու համար:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքերով էլ, Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի և խորհրդարանական մեծամասնության համար կարևոր չէ, թե ձայների ինչ հարաբերակցությամբ են ընտրվել ԲԴԽ անդամները՝ կոչ անելով հայտարարություններով խլրտումներ չմտցնել խորհրդարանի աշխատանքների մեջ:

Նույն շարքից