Բարի օր Հասարակություն Հարցազրույց 

Յոգան հնարավորություն է տալիս միշտ մնալ կենտրոնում.Սվետլանա Ավագյան

analitik.am

«Յոգա» բառը շատերին է ծանոթ , սակայն իրականում ոչ բոլորը գիտեն՝ ինչ է դա ։ Շատերը կարծում են , որ դա կրոն է , բայց իրականում յոգան գիտություն է ։ Այնուամենայնիվ , թե որքանով է յոգան կիրառվում ամբողջ աշխարհում  և,  մասնավորապես, Հայաստանում , ինչպես նաև յոգայի հետ կապված շատ հարցերի վերաբերյալ  Analitik.am -ը զրուցեց  յոգայի ուսուցիչ , հղիների և հետհղիության շրջանում յոգայի վարպետ , երեխաների յոգայի մասնագետ  Սվետլանա Ավագյանի հետ ։

Հարգելի Սվետլանա , նախ մի փոքր խոսենք այն մասին , թե ի՞նչ է յոգան և որտեղի՞ց են գալիս դրա արմատները , ինչպես նաև շաբաթվա մեջ քանի՞ օր է պետք զբաղվել յոգայով, ինչպես նաև  սնվելու հետ կապված հիմնական  կանոններ , որոնց պետք է հետևել  յոգայով զբաղվելու ընթացքում ։

Յոգա բառը ծագում է ստացել սանսկրիտի « յուջ » բառից , որը նշանակում է միավորում , հավասարակշռում, զարգացում ։

Միավորում՝  «Ես» - ը տիեզերական «Ես» - ի հետ ։

Հավասարակշռում՝ մարմնի , մտքի , էմոցիաների և ինտելեկտի միաձուլման ,  ներդաշնակության միջոցով։

Զարգացում՝ երջանիկ , խաղաղ և ուրախ միտք ։

Առաջին ակնարկը յոգայի մասին արվել է հնագույն իմաստուն գրություններից մեկում՝ Ռիգ Վեդայում ։ Յոգայի զագացումը սկսվել է Հինդոս-Սարասվատի քաղաքակրթությունից և ունի ավելի քան 5000 տարվա պատմություն ։ Սակայն, խորին համոզմունք ունեմ , որ այդքան կարևոր չէ երբ և ոնցը , ավելի կարևոր է ինչուն և դրա անհրաժեշտությունը ներկայում ։ Ինչու-ի պատասխանը տալիս է իմաստուն Պատանջալին՝ յոգան սահմանելով որպես «սանձել մտքի ելևեջները  կամ, այլ կերպ ասած, վարպետանալ մտքին» (Yoga Citta Vritti Nirodha) ։ Այն գիտակից և զգոն ապրելու ճշգրիտ գիտություն է , արվեստ։ Յոգան հնարավորություն է տալիս միշտ մնալ կենտրոնում ։ Ինչ վերաբերում է  շաբաթվա մեջ կամ օրվա ընթացքում քանի անգամ պարապելուն, ապա յուրաքանչյուրն ինքն է ընտրում ։ Նույնը վերաբերում է սննդին , կարևորը՝ գիտակցորեն մոտենալն է այն ամենին, ինչ անում ենք և ինչ ուտում ։ Սնունդը չդարձնել կյանքի իմաստ , ուտել չափավոր , առանց սեփական մարմնին և բնությանը վնաս հասցնելու ։ Չկառչել սննդից և ինքներս մեզ չպախարակել կերած մեկ կտոր շոկոլադի համար ։ Պետք է հասկանալ , որ մեր ողջ օրգանիզմի և մտքի առողջությունն անմիջականորեն կախված է այն սնունդից, ինչ ուտում ենք ։

Քանի որ յոգան բաժանվում է բազմաթիվ տեսակների և հնարավոր չէ բոլորը վերլուծել , անդրադառնանք դրանցից մի քանիսին ։ Ո՞րն է ամենատարածված տեսակը աշխարհում և դրանցից  ո՞րն է առանձնանում ավելի շատ օգտակարությամբ :

Յոգան չի կարող բաժանվել , քանի որ յոգայի բոլոր ուղիները տանում են նույն փորձառությանը : Իրացումը նույնն է` միայն միջոցներն են տարբեր: Բոլոր ուղիների նպատակն է  կրճատել կամ վերացնել մտքից ծնված էգոյի վերահսկողությունը : Դրանք կարծես նույն ծաղկի տարբեր թերթիկներ լինեն ։ Նա , ով ձգտում է զբաղվել յոգայով , պետք է ընտրի այն ուղիները , որոնք հարմար են նրա խառնվածքին : Ռաջա կամ Աշտանգա յոգա (մտքի յոգա կամ ութ աստիճան յոգա) , Հաթհա յոգա (մարմնի կատարելագործման յոգա) , Կարմա յոգա (գործողության յոգա) , Բհակտի յոգա (սիրո յոգա) , Գյանա յոգա (գիտելիքի յոգա ) ։ Հիրավի յոգայի տարբեր ուղղությունները կարող են բավարարել տարբեր տեսակի մարդկանց պահանջները ։ Օրինակ , եթե մեկը կրոնին կարող է անկեղծ նվիրվել , ապա նա բհակտի յոգ է (մեր պարագայում , եթե մեկը հայ առաքելական եկեղեցու հետնորդ է , նա արդեն իսկ բհակտի յոգայի կրող է) ։ Եթե որևէ մեկն ավելի հակված է դեպի ուսումը և գիտությունը , ապա նա Գյանա յոգայի կրող է (օրինակ գիտնականները , որոնք անշահախնդիր իրենց նվիրում են մարդկության և բնության օրենքների բացահայտմանն ու զարգացմանը) : Հաթհա յոգան , որն ի դեպ ամենատարածվածն է ողջ աշխարհում, հիմնված է մարմնի մաքրմանն ու կատարելագործմանը , և դրանով հենց ազատագրման հասնելուն։

Ինքներդ ինչպե՞ս սկսեցիք զբաղվել յոգայով և սկզբնական շրջանում ի՞նչ դժվարությունների առաջ եք կանգնել , եթե իհարկե դժվարություններ , որպես ադպիսին առաջացել են ։

Առաջին անգամ յոգայի դասի հաճախել եմ մեծ սպորտային ակումբում 9 տարի առաջ և հենց առաջին իսկ դասից հասկացա , որ ողջ կյանքում դա էի փնտրում ։ Չնայած համալսարանում սովորելու տարիներին (մասնագիտությամբ ինժեներ սխեմատեխնիկ եմ)  փիլիսոփայությանս ուսուցչի շնորհիվ սերտորեն ծանոթացա յոգայի փիլիսոփայությանը , բայց ոչ պրակտիկային ։ Առաջին իսկ դասից ամբողջ մարմինս այնպես զգացի , ինչպես երբեք ։ Այդ օրվանից մինչ օրս ամեն օր ապրում եմ յոգայով ։ Դժվարության առջև երբեք չեմ կանգնել , քանի որ յուրաքանչյուր պահ անկրկնելի է , յուրաքանչյուր վայրկյան յուրովի ընդունում և ճանաչում եմ ինձ ։ Երևի դա է ինձ գրավել յոգայում , ինքդ քեզ հետ մնալու հնարավորությունը , քեզ և շրջապատիդ ընդունելու , սիրելու հնարավորությունը , սեփական տրանսֆորմացիադ տեսնելը և ամեն պահ վերածնվելու բերկրանքն ապրելը ։ Ի դեպ, յոգայից հետո կյանքիս որակն է նաև կտրուկ փոխվել և փոխհարաբերություններս շրջապատի , բնության , բնությանս հետ ։

Հայաստանում վերջին տասը տարվա ընթացքում յոգայով հետաքրքրվողների արագ աճ է գրանցվել ։ Որքանո՞վ է յոգան յուրացվել Հայաստանում և արդյո՞ք դա հետաքրքրում է մեր հայ հասարակությանը , այն մոդայի՞կ է,  թե՞ իսկապես գիտակցական հարթակում է և  սեփական առողջությունը բարելավվելու նպատակ ունի։

Ոչ միայն Հայաստանում , այլ նաև ողջ աշխարհում յոգայով զբաղվողների մեծ աճ է գրանցվում օր օրի ։ Յոգան ազգային , կրոնական , ցեղական և սեռական պատկանելիություն չունի ։ Այն հասանելի է բոլորին , կյանքի ամենաառաջին շնչից մինչև վերջին արտաշունչը ։ Հայ հասարակությունը շատ բևեռացված է՝ մի կողմից բավական ազատ մտածողներ կան , բնությունը սիրող և պահպանողներ , իրենք իրենցից չվախեցողներ , մյուս կողմից՝ նյութական բարիքներից կառչվողներ , կեղծ ընտանեկան արժեքների կրողներ , ուրիշներին քննադատողներ , կնոջը և մայրությունը չհարգողներ ։ Յոգայի գալու նպատակները տարբեր են , բայց այն ճիշտ ընկալելու դեպքում , արդյունքը նույնն է բոլորի համար , և այն է ընդունել սեփական «ես» - ը , լինել համերաշխության մեջ նրա հետ և, համոզված եմ, դա էլ հենց առողջության ամենամեծ գրավականն է ։

Շատերն ինքնաբուժության նպատակով համացանցի միջոցով փորձում են զբաղվել յոգայով ՝ կատարելով շնչառական վարժություններ , սովաբուժություն և այլն ։ Արդյո՞ք սա վտանգավոր չէ:

Յոգան մարդու մարմնի , զգայարանների , գիտակցության և մտքի ուսումնասիրության գիտություն է ։ Այն ճշգրիտ գիտություն է և ինչպես ցանկացած գիտության ոլորտ , այստեղ ևս գիտելիքը , կրթությունը , փորձը և ամենօրյա պրակտիկան պարտադիր է ։ Քիչ հավանական է , որ համացանցով բժիշկ կամ քիմիկոս կդառնաս ։ Յոգան պահանջում է դպրոց , ուսուցիչ , անդադար և քրտնաջան աշխատանք , պրակտիկա ։ Ցանկացած ինքնագործունեություն հղի է մեծ վտանգներով , ինչպես ֆիզիկական մարմնին վնաս հասցնելու , այնպես էլ մտավոր և հոգեկան շեղումներ ստանալու հավանականությամբ ։ Շատ կարևոր է ուսուցչի առկայությունը , դպրոցի ընտրությունը , վարժությունների ընթացքների ընտրությունը , մարդու նախնական վիճակի ուսումնասիրությունը , առկա հիվանդությունների իմացությունը ։ Հմուտ յոգայի մասնագետն առաջին իսկ ակնթարթից գիտի՝ ինչ է հարկավոր դիմացինին ։ Այստեղ նաև փոխադարձ վստահությունն է կարևոր ուսուցչի և աշակերտի միջև ։ Ճիշտ կառուցված յոգայի դասից հետո  յուրաքանչյուր ոք դուրս կգա բոլորովին տրանսֆորմացված (դրական շեղումով իհարկե) ։ Ապացուցված է , որ  յոգայի մեկ ժամանոց դասը դրական է ազդում ողջ նյարդային , հորմոնալ և սիրտ-անոթային համակարգերի բնականոն աշխատանքի վրա ։ Այսպես օրինակ , մեկ պարզ յոգայի դասից հետո սերոտոնին հորմոնի (երջանկության հորմոն) այնպիսի աճ է գրանցվում , ինչպիսին կարող է առաջանալ շոկոլադ , խթանիչների օգտագործումից կամ ասենք համբուրվելիս , գրկախառնվելիս ։ Բացի այդ , շտկվում է կեցվածքը , ոսկրա-մկանային համակարգն է ամրանում , նութափոխանակությունն է լավանում , հիշողությունը , քունն է կարգավորվում , կյանքին վառ գույներով ես նայում , քանի որ տեսողությունը նույնպես լավանում է ։

Համընդհանուր դիսպանսերիզացիան , որն իրականցվել է Հնդկաստանում 1980թ., ապացուցեց , որ յոգերը միջինում ունեն ավելի կարճ կյանք , քան սովորական մարդիկ և տառապում են ավելի շատ հիվանդություններով , իբրև ՝ անբնական դիրքերում երկար ժամանակ գտնվելն առաջացնում է վերին շնչուղիների և աղեստամոքսային համակարգի հիվանդություններ ։ Այս ապացույցը կարմիր լո՞ւյս է յոգայով զբաղվողների համար,  թե այս տեղեկությունը պարզապես սխալ տեխնիկայի հետևանք է ։

Չգիտեմ անցյալում անցկացված համընդհանուր դիսպանսերիզացիան ինչպիսի արդյունքներ է տվել Հնդկաստանում , բայց հստակ գիտեմ  ներկայիս Հնդկաստանի վարչակարգի տեսլականը յոգայի վերաբերյալ ։ Արդեն գրեթե 4 տարի գործում է Յոգայի , Այուրվեդայի , Նատուրոպաթիայի , Հոմեոպաթիայի , Ունանիի (այլ կերպ ասված այլընտրանքային բժշկության) Նախարարություն , որն ամենայն լրջությամբ հիմնում է նորանոր յոգայի գիտական ինստիտուտներ և համալսարաններ , կատարվում է բազմաթիվ փորձեր հասարակության տարբեր շերտերի համար , ունեն արդեն իսկ ստատիստիկ տվյալներ , թե ինչպես յոգայի ֆիզիկական , շնչառական և մտավոր վարժանքները կարող են դրական ազդել հասարակության տարբեր շերտերի վրա։ Ի դեպ, այդ տվյալները գաղտնի չեն և կարող եք դրանց արդյունքները գտնել համացանցում ։ Ի գիտություն , 2015 թվականից սկսված ՄԱԿ - ը հունիսի 21- ը  հայտարարել է՝ որպես յոգայի միջազգային օր և նույն թվականից սկսված Հայաստանում ևս՝ Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ, մեծ շուքով նշում ենք այդ օրը՝  յոգայի բաց դասերի, տարատեսակ ցուցահանդեսների  և կոնֆերանսների կազմակերպմամբ ։ Ի դեպ, նախորդ տարվա հոկտեմբերի սկզբին ներկայացնում էի Հայաստանը Հնդկաստանի Դելհի քաղաքում՝ Յոգայի Նախարարության կողմից կազմակերված «Յոգան հանուն առողջության» խորագրով եռօրյա կոնֆերանսին, և ապշել էի ողջ վարչակարգի յոգայի հանդեպ լրջության հատկացմամբ ։ Նույնիսկ, նրանց նախագահը, փոխնախագահն ու վարչապետն ունեն յոգայի ուսուցիչ և ամենօրյա պրակտիկա են անում ։ Շատերը կարծում են , որ Հնդկաստանում ամեն ոք յոգայի կրող է և որ իբր դա նրանց կրոնի անբաժան մասն է ։ Մինչդեռ, դա ամենամեծ թյուրիմացությունն է ։ Ներկայումս Արևմուտքում յոգայով զբաղվողների թիվն ավելի մեծ է , քան ողջ Հնդկաստանում ։

Կարո՞ղ ենք ասել , որ յոգան նախատեսված է հասարակության բոլոր շերտերի համար , քանի որ նրա ուսուցումը գնալով ավելի է խորանում , նույնիսկ այն մարդկանց մոտ , ովքեր ցանկություն ունեն զբաղվել յոգայով տնային պայմաններում ։ Ի վերջո , ո՞ր տարբերակն է ավելի ճիշտ՝ մասնագիտացված ակումբո՞ւմ՝ մարզիչի հսկողությամբ, թե՞ տանը ։ Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակներին։

Յոգան հասարակության բոլոր շերտերի համար է ։ Այն հասանելի է բոլորին։ Ցանկալի է գոնե սկզբից մարզչի առկայությունը , հետո ինքնուրույն սեփական պրակտիկան կարելի է կառուցել ։ Եթե որոշ մարդկանց գումարային մասով նույնիսկ հարմար չէ , համոզված եմ, յուրաքանչյուր անկեղծ յոգայի ուսուցիչ, գթասրտությունից ելնելով, կարող է տալ յոգայի գիտելիք ։ Սակայն , եթե անկեղծ նայենք, կտեսնենք , որ ոչ անհրաժեշտ շատ բաների վրա անիմաստ գումարներ ենք վատնում կամ հիվանդանալու դեպքում դեղամիջոցներ գնում , դրա փոխարեն շատ մատչելի կերպով կարելի է հետևել և կանխարգելել հիվանդությունների առաջացումն օրական մեկ ժամ պարզագույն ֆիզիկական , շնչառական վարժանքներ կատարելով ։ Իսկ սկսնակներին խորհուրդ կտամ միշտ ժպտալ , ժպիտն  օգնում է մնալ պահի մեջ և վայելել այստեղ և ներկա վիճակը ։ Այն նաև ուշադրությունը տանում է դեպի շնչառություն , որն արդեն իսկ հնարավորություն կտա այն կարգավորել , կհանդարտեցնի միտքը և դեմքի մկանների հիասքանչ վարժություն է։  Եղեք առողջ և գիտակից , սիրեք և սիրվեք ։

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից