Խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հարկադիր ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2014 թվականին արած հայտարարության մասին, որով նա նշել էր, որ չի հավակնելու նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ինչի մասին այս օրերին անընդհատ բարձրաձայնում է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ասաց, որ նախագահն արտահայտել է իր կարծիքը, իր ցանկությունը: Գոնե այդպես գնահատում է Պողոսյանը. «Իսկ իրավիճակն ինչ կլինի, մենք դեռ կտնեսնեն»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք դա պաշտոնական հայտարարություն չի եղել, ՀՀԿ-ական պատգամավորը կրկնեց, որ դա Սարգսյանի ցանկությունն է եղել. «Դա խոստում չէ, կարծիք է, կոնկրետ մարդու ցանկությունը»:
Պողոսյանը նաև նշեց, թե կիսում է մի շարք հանրապետականների կարծիք, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է. «Որպես ՀՀԿ նախագահ՝ նա անփոխարինելի է: Որպես պաշտոնյա, որը կարողանում է բալանսավորել ուժերը, կարողանում է այսօրվա մեր իրականության մեջ և միջազգային ասպարեզում, և ներքին խնդիրների հարցում հանդիս գալ որպես բալանս, նա անփոխարինել է, սրանում երկրորդ կարծիք լինել չի կարող»: