Հայաստան Հասարակություն 

Հիպոթեքով տանն ապրող փոխնախարար Խաչիկ Ասրյանի զարմանալի քարտեզը

analitik.am

  Հիպոթեքով գնված տանը ապրող փոխնախարա՞ր… Հնարավոր է արդյոք այդպիսի բան, այն էլ ներկայիս ՀՀ-ում: Զարմանալի է, բայց դեռ չեն վերացել սպիտակ ագռավները նախարարների և փոխնարխարարների պնակում: Խոսքն այստեղ վերաբերում է մի նախարարության փոխնախարարի, որի փոխնախարարական աշխատանքային  պարտականությունների ձևաչափը  կապ չունի ոչ բանակի, ոչ էլ սահմանների ու  զորամասերի և առավել ևս, սահմանամերձ գյուղերի հետ: Սակայն արի ու տես, որ Սպորտի և երիտասարդության հարցերով  փոխնախարար Խաչիկ Ասրյանին ավելի շատ կարելի է տեսնել սահմանամերձ գյուղերում, զորամասերում, քան որոշ կաբինետային և ասուլիսապաշտ կուսակցապետերի: Այս անձնավորությունը ստանդարտից դուրս է ամեն ինչում` ապրելակերպից մինչև գործելաոճ: Ի զարմանս ինձ, նախագահամետ այս գործիչն ի տարբերություն այլ «նախագահամետների»  իր նախագահամետությունն օգտագործում է ի շահ բանակի, պետության և հայ տեսակի հզորացման:

  Անխոս, նա իր մեջ պարունակում է ֆանատիկության բազմաթիվ էլեմենտներ, որը պատճառ է հանդիսանում նրա մասին զավեշտալի հոդվածների ի հայտ գալուն: Բայց արդյոք ավելի լավ չէ ունենալ ազգանպաստ, ֆանատիկ և ինչ-որ տեղ դեռ զավեշտալի, «հիտլերանման» քաղաքական գործիչ, քան անսեռ, ազգնուրաց թալանչի, բայց դասական մոդելի քաղաքական գործիչներ:

  Օրերս պատահական ականատես եղա մի միջոցառման, որտեղ ներկայացված էր Խաչիկ Ասրյանի «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության աշխատանքային քարտեզը, որտեղ կլորակներով հստակ նշված էր մասնաճյուղերի տեղակայումը:

  Զարմանալին այն է, որ շատ կուսակցություններ՝ անգամ ԱԺ-ում ընդգրկվածները, նույնիսկ չեն կարող երազել ՀՀ-ի 300 համայնքներում նման կազմակերպված ցանցային կառույցներ ստեղծելու մասին: Հետո էլ ծիծաղում ենք:

  Փաստորեն, քաղաքական հարթության մեջ կան մարդիկ, որոնց չի կարելի դասել մեծամասնության շարքին, նույնիսկ եթե նրանք հանդես են գալիս մեծամասնության անունից: Պատճառը հետևյալն է` արարելու նրանց գործելաոճը խիստ տարբերվում է դասկան մոդելից և որպես կանոն, դա արհեստածին բնույթ չի կրում:

  Հ.Գ. Քաղաքական պատմությունները միշտ ցույց են տվել, որ մեր նման փլուզված տնտեսություն ունեցող երկրներին հենց այսպիսի ֆանատիկներ են պետք: Միայն նրանք են ի վիճակի՝ իրենց ազգասիրությամբ երկիրը դուրս բերել այս մղձավանջից: Չմոռանանք, որ Պինոչետի վրա էլ էին սկզբում ծիծաղում:

Ռեվիզոր Ռեզիդենտ

Նույն շարքից