2007 թվականին ՎՏԲ բանկը Թեղուտի հանքի բացման համար 250 միլիոն դոլար վարկ տրամադրեց: Դրանից հետո որևէ հայկական կազմակերպության նման խոշոր վարկային միջոց չի տրամադրվել ռուսական կապիտալով բանկի կողմից: Այսօր՝ փետրվարի 28-ին, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ այսօր Թեղուտի հանքը փակվել է ֆինանսական լուրջ պարտավորություներ ունենալու պատճառով:
Տիկին Թանդիլյանը ցանկացավ իմանալ՝ արդյո՞ք ՀՀ-ն որևէ գրավոր, բանավոր կամ այլ կարգի երաշխիքներ ունի այդ պարտավորությունների հետ կապված:
Բացի դրանից, Ելք խմբակցության պատգամավորը ցանկացավ իմանալ՝ արդյո՞ք այդ ներդրումային գումարները հաշվարկվել են այն ժամանակվա ներդրումների մասին խոսելիս, եթե այո, ապա ինչ հետևանքներ է դա ունենալու, կա՞ն էլի նմանատիպ ծրագրեր, որոնք նման վտանգեր ունեն, ինչի արդյունքում չգիտենք, թե այդ գումարները որտեղ պետք է գտնել:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ Թեղուտի ներդրումային ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է և ընթացքի մեջ է:
Նախարարը հայտարարեց, որ հանքում այսօր էլ իրականացվում են աշխատանքներ, ուսումնասիրություններ՝ կապված պոչամբարի հետ:
Կարայանի խոսքերով, պետության կողմից որևէ երաշխիք չի տրվել նախագծի ֆինանսավորման մասով: