2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել ենք պետբյուջեից սնվող 915 միավոր տրանսպորտային միջոց: 2017 թվականին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց կրճատել այդ ավտոմեքենաների թիվը, որպեսզի հնարավոր լինի օպտիմալացնել ծախսերը, սակայն կրճատվեց ընդամենը 27 միավոր տրանսպորտային միջոցը, որը ընդհանուր միավորների նույնիսկ 2 տոկոսը չի կազմում : Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Բագրատյանը, դիմելով ՀՀ վարչապետին, ցանկացավ իմանալ, թե ինչպես է վերջինս պատկերացնում ծախսերի ռեալ օպտիմալացումը, ինչ ռեալ քայլեր են ձեռնարկվելու, ինչպիսի ծրագիր կա, որը կարող է ներկայացվել ԱԺ-ին. «Որքանո՞վ եք ճիշտ համարում այն, որ դուք կոչ եք անում գոտիները ձգել, օգտագործել բնական գազ, իսկ պաշտոնյաները բենզինով աշխատող շքեղ ավտոմեքենաներով իրենց երեխաներին տանում են դպրոց: Պաշտոնյաների կանայք ծառայողական ավտոմեքենաներով իրենց տան աղբը տանում են աղբանոց ու դա հասարակության աչքի առաջ: Եվ դա այն դեպքում, որ մենք չենք կարողանում 45 հազար դոլար գտնել վիրավոր զինվորին արտերկիր ուղարկելու համար»:
Հարցին պատասխանեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ով նշեց, որ օպտիմալացումն ինքնանպատակ չէ, երբ ավտոմեքենաներն օպտիմալացվել են, հաշվի է առնվել այն հանգամանքը, թե ինչի համար է յուրաքանչյուր ավտոմեքենա օգտագործվում, ինչ ավելացված արժեք է ստեղծում:
Ինչ վերաբերում է նրան, որ բենզինով, թե գազով պետք է աշխատեն ծառայողական ավտոմեքենաները, ապա ֆիննախի խոսքերով, դեռ պետք է համապատասխան հաշվարկ կատարվի, որպեսզի հասկանալի լինի, թե որքանով է նպատակահարմար անցում կատարել գազին. «Պետք է հաշվարկ կատարել՝ արդյո՞ք ճիշտ է այն ներդրումը, որը մենք պետք է կատարենք, արդյո՞ք այն փոխհատուցվում է, որպեսզի գազով մեքենաները շահագործվեն: Էլ չասած անվտանգության հարցերը»:
Նախարարը նաև կոչ արեց մի կողմ դնել էմոցիոնալ դաշտը: