Հայաստան Քաղաքական 

Խորհրդարանական մեծամասնության աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը. Նաիրա Զոհրաբյան

Այսօր՝ մարտի 1-ին, խորհրդարանը ձայների 34 կողմ և 62 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթեցրման ժամանակ մերժեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորների ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Մինչ քվեարկությունը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ օրենքի նախագիծն ուղղակիորեն հակասում է ԵԱՏՄ-ի շրջանակներում անդամ երկրների կողմից որդեգրած տնտեսական ինտեգրացիայի խթանման քաղաքականությանը, ինչպես նաև ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, վտանգում է մեր պետության հուսալի գործընկերոջ միջազգային հեղինակությունը: Դրա համար ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու:

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հայտարարեց, որ սա քաղաքական կազուս է, քանի որ նախագծի առաջին ընթերցման քվեարկության ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը կողմ է քվեարկել փոփոխություններին. «Այդ նոր հասկացա՞ն, որ այն հակասում է ինչ-ինչ պայմանագրերի: Ընդամենն արձանագրենք, որ ի դեմս մեծամասնության մենք գործ ունենք մի քաղաքական հանրույթի հետ, որի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը»:

Հավելենքՙ որ փոփոխություններին դեմ քվեարկեցին ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, կողմ՝ ԵԼՔ-ը և Ծառուկյան դաշինքը:

 

Նույն շարքից