Հայաստան Տնտեսություն 

Կենսաթոշակային նոր համակարգը բխում է միայն իշխանության կլանի շահերից

analitik.am

Կենսաթոշակային նոր համակարգը բխում է միայն իշխանության կլանի շահերից, որին օդի ու ջրի  պես անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, Ազատության հրապարակում «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հանրահավաքում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:


Նրա խոսքով՝ պատահական չէ, որ ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը խոստովանեց, թե կապ չունի 20-40 տարի հետո կստանաք ձեզ համար անհրաժեշտ գումարները, թե՝ ոչ, հիմա փող է պետք տնտեսության համար: «Սա ամենաբարձր մակարդակով խոստովանություն է, որ սա պետական ռեկետ է»,-հայտարարեց Զոհրաբյանը:


«Որքան պիտի չսիրել սեփական ժողովրդին, որ հասցնել այս վիճակին: Սա ցինիզմ որակելը շատ մեղմ գնահատական է: Այստեղ տեսնում եմ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ուսանողների պաստառը. «Ապացուցիր, որ չես ստել մեզ դասավանդելիս»»,-հայտարարեց ԲՀԿ-ական գործիչը եւ հավելեց, որ այժմ ՍԴ-ն վերջին հնարավորությունն ունի ապացուցել, որ ծառայում է ժողովրդին, որին կոչված է Սահմանադրությամբ:


«Այստեղ հավաքվել են այն քաղաքական ուժերը, որոնք կարծում են, որ այսպես շարունակել հնարավոր չէ: Սա պայքարի առաջին քայլն է և կարող ենք հաղթել միայն միասին: Որեւէ քաղաքական ուժ միայնակ որեւէ խնդիր չի լուծելու, մենք պետք է միասնական լինենք եւ հաղթելու ենք միասնական՝ հասարակության հետ միասին:


Մենք միասնական դիտարկելու ենք նաեւ գազային միասնական համաձայնագիրը, որը Հայաստանը դրել է վասալային վիճակում»,- իր խոսքն ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա ելույթից հետո հանրահավաքի մասնակիցները սկսեցին վանկարկել. «Սերժիկ հեռացիր», «Մենք ենք տերը մեր երկրի»:

Նույն շարքից